«Շատ մեծ թերություն եմ գնահատում այն, որ ծրագրում չկա ծրագրային բյուջետավորման լիարժեք ներդրման գաղափարի իրականացումը». Գագիկ Մինասյան
Հարցազրույց ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ։
– Պարոն Մինասյան, ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։
– Շատ քիչ են այն թվերը, որոնք հնարավորություն են տալու խորհրդարանին վերահսկել կառավարության գործունեությունը, իսկ դա էապես նվազեցնելու է արդյունավետությունը՝ և՛ կառավարության գործունեության, և՛ խորհրդարանի վերահսկողական գործունեության։ Նաև կան թվեր, որ մի քիչ մտահոգիչ են, և նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում հնարավոր չի լինի դրանց հասնելը, հատկապես՝ արտահանման բնագավառում։ Գրված է, որ 2023 թ.-ին արտահանումը պետք է կազմի ՀՆԱ-ի 43-45%-ը։
Դա չափազանց մեծ թիվ է, և դժվար է ասել, որովհետև չկան հիմքերը, թե ինչպիսի քաղաքականության արդյունքում է հնարավոր և էապես արտահանելի ինչ ոլորտի զարգացմամբ է հնարավոր հասնել այդ թվերին։ Ենթադրում եմ՝ այստեղ կա՛մ իրենք պետք է կտրուկ բացատրություններ տան, կա՛մ պետք է կտրուկ ավելացնեն այն հատվածների մեկնաբանությունները, որոնք պետք է ապահովեն այդ զարգացումները։ Այդ տեսակետից գուցե լավ է, որ քիչ թվեր կան, որովհետև ցանկացած այդպիսի թվի ուսումնասիրությունն իսկապես լրացուցիչ հարցադրումներ է առաջացնում, և կարծում եմ՝ կառավարությունը հենց դա էլ հաշվի առնելով՝ խուսափել է շատ թվեր ներկայացնելուց։
Շատ մեծ թերություն եմ գնահատում այն, որ ծրագրում չկա ծրագրային բյուջետավորման լիարժեք ներդրման գաղափարի իրականացումը, որովհետև ծրագրային բյուջետավորման այն մասը, որ ՀՀԿ-ի մեծագույն ջանքերով հնարավոր եղավ իրականացնել, եթե դա մնա այդ վիճակում, այսինքն՝ ոչ լիարժեք, ինքն իր մեծ ծառայությունները հանրային ֆինանսների կառավարման արդյունավետ զարգացման առումով չի կարող ունենալ։
Որպեսզի դա լինի, այն պետք է անցնի ևս 2 կարևորագույն փուլ, որոնց մասին կառավարության ծրագրում որևէ բան չկա։ Առաջին փուլն այն է, որ ոլորտային ռազմավարությունները մշակվեն և գան համալրելու ծրագրային բյուջետավորման ամբողջ համակարգը, որովհետև ծրագրերը կարող են հենվել հենց ոլորտային ռազմավարությունների վրա, իսկ այստեղ ոլորտային ռազմավարությունների մշակման վերաբերյալ, որ իսկապես շատ ծանր ու պատասխանատու գործ է, որևէ բան չկա։
Երկրորդ՝ բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների լրամշակման վերաբերյալ որևէ խոսք չկա, իսկ եթե այդ ցուցանիշները չեն լրամշակում, հնարավոր չի դրանք մտցնել բյուջեի մեջ՝ որպես օրենքի մաս, դրանք կմնան բացատրագրերի մեջ։
Եվ այս պարագայում ծրագրային բյուջետավորման լիարժեք ներդրումից, որը կարող էր ապահովել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության նոր մակարդակ, կարծում եմ, կառավարությունը ցանկանում է կամաց հրաժարվել։
Ինչո՞ւ է սա շատ էական։ Որովհետև բոլոր երկրներում կառավարությունները մեծ դժվարությամբ են գնում ծրագրային բյուջետավորման լիարժեք ներդրմանը, և միայն խորհրդարանի շահագրգիռ կեցվածքն է, որ, այսպես ասած, ստիպում է կառավարությանը գնալ դրան։ Հիմա այն իրավիճակում, որ այսօր ունենք մեր խորհրդարանում, իհարկե, այնտեղ չկան այն ուժերը, որոնք կկարողանան դրանք իրականացնել՝ որպես պահանջատեր և որպես գործընկեր, այն, ինչ արեց մեր խորհրդարանը վերջին 5 տարիների ընթացքում։
– Ծրագրում գրված է, որ 5 տարուց հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա իրականանալի՞ է։
– Սա միգուցե հնարավոր է իրականացնել, բայց ես համոզված չեմ, որ այդ խնայողությունների ստեղծման ռեալ նախապայմաններ կառավարությունը տեսնում է։ Որովհետև այն հեղափոխական ներդրումների մասին խոստումները, որոնց մասին խոսվում էր ոչ միայն իշխանափոխության շրջանում, այլև իրենց առաջին գործունեության ծրագրում, դրա հետքն անգամ չի մնացել։ Երևի այն իրատեսությունը, որ իրողությունները ստիպում են, նաև իրենց մոտ է ծագել, և այդ պարագայում խնայողությունների նման մեծ մակարդակ դժվար է ակնկալել։
– Կառավարությունն առաջիկա տարիներին տնտեսության աճի «բարձր տեմպեր» է ակնկալում` միաժամանակ ծրագրում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը նշելով առնվազն 5%։ Այդ «բարձր տեմպերը» համադրելի՞ է 5%-ի հետ։
– Նախ՝ այդ 5%-ը պետք է կարողանան ապահովել, որովհետև այն ակտիվության ցուցանիշով երկիրը, որ մենք թողեցինք այս կառավարությանը, իրենք կտրուկ նվազեցրեցին։ Մենք շատ ավելի բարձր աճի տոկոսներ ունեինք 2017-ի վերջին և 2018-ի սկզբին, իսկ 2018-ի ավարտին իրենք շատ ավելի նվազ ցուցանիշ կարողացան ամրագրել: Իսկ ինչ վերաբերում է 5%-ին, կարծում եմ, իրենք դրա համար դեռ պետք է պայքարեն, պետք է կարողանան ապացուցել, որ 5%-անոց տնտեսական աճ կկարողանան ունենալ այն պարագայում, երբ այսօր դրա համար հիմնական նախադրյալ հանդիսացող օտարերկրյա ներդրումների հետքն անգամ չկա, էլ չեմ խոսում ներքին ներդրումների հնարավորության մասին, որովհետև կապիտալը փախնում է երկրից։
– Արտահանման 43-45%-անոց աճ ապահովելու համար տնտեսության 5%-անոց աճը բավարա՞ր է։
– Կարծում եմ՝ ոչ, բայց այստեղ միայն դա չի կարևորը, այլ պետք է այդ 43-45%-ի բացվածքը տան ու ասեն, թե այդ ո՞ր ճյուղերն են, որ ապահովելու են ՀՆԱ-ի 43-45% արտահանման աճը։ Եթե իրենք 5%-անոց ՀՆԱ-ի աճ են նախատեսում, ապա պատկերացրեք, թե արտահանման ինչպիսի բարձր տեմպեր պետք է ունենան, որ դրա հետ միասին արտահանումը հասցնեն այդ մակարդակի։ Իսկ այսօր դրա կեսն էլ չկա։
– Կապիտալի արտահոսքի մասին նշեցիք, ո՞ր փողերը և ո՞ւր են արտահոսում։
– Սովորաբար փողերը կայունություն և կանխատեսելիություն են սիրում, և այդ պարագայում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողների համար շատ ավելի կայուն երկիր է պետք, որպեսզի մեծ ներդրումներ կատարվեն։ Մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերի կրճատման այն ակնկալիքները, որ կային, այսօր կյանքում չեն դրսևորվում, այլապես մեզ մոտ հիմա ամեն ինչ պետք է ծաղկեր շատ մեծ, ինտենսիվ տեմպերով։ Չկա այդ աճը, և դա խոսում է երկու բանի մասին՝ կա՛մ կոռուպցիայի և ստվերի դեմ այդպիսի պայքար չկա, կա՛մ եթե կա, ապա պետք է բացատրեն, թե ինչու չկա այդ ներդրումների հոսքը։