Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր խնդիրներ կարող են առաջանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր խնդիրներ են առաջ եկել. համակարգին կամավոր միացած աշխատուժին չի վերադարձվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող այն 2.5 տոկոսը, որն անցած տարի ձևավորված կառավարությունը զիջեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում որոշ շտկումների միջոցով:
Հիշեցնենք, անցած տարի հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը երբ օրենքի ուժով հարկադրված էր որոշում ընդունել՝ ի վերջո, կիրառե՞լ կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու պարտադիր բաղադրիչը 1974 թվականից հետո ծնվածների նկատմամբ, թե՞ ոչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի պոպուլյար որոշում կայացրեց:
Համակարգի պարտադիր բաղադրիչի հետ մի նոր փոփոխությամբ ավելացրեց պետության բեռը՝ զիջեց աշխատուժին, նրանից գանձվող կուտակային ֆոնդի 5 տոկոսի փոխարեն՝ պետությունն իր վրա վերցրեց ամեն աշխատուժի համար ևս 2.5%, աշխատավարձից պահումները դարձնելով 2.5%/7.5% համամասնությամբ:
Խնդրին ծանոթ են ՀՀ ֆինանսների նախարարությունում, բայց հարցին համակարգային լուծում դեռ չի տրվում: Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվություններում այս բացը չի երևում, իսկ ՊԵԿ-ից՝ 168.am-ին ուղարկված հարցման պատասխանում առհասարակ հերքվում է, որ նման խնդիր կա:
Թերի աշխատավարձ ստացող քաղաքացիներից մեկը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները՝ ասելով, որ իր շրջապատում քիչ չեն տուժած անձինք: Այդ դեպքում հասկանալի չէ ՊԵԿ-ի վարքագիծը, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է կոծկում խնդիրը, եթե այն համակարգային չէ:
Առնվազն երկու եռամսյակ մինչև 1974 թվականը ծնվածներն անհավասար պայմաններում են հայտնվել մյուս հարկատուների հետ: Նրանց աշխատավարձերից անթույլատրելի կերպով պահվում է ավելորդ 2.5 % գումար, դրանց վերադարձելիությունը չի երաշխավորում ոչ մի գործատու, կառավարությունն էլ իր դիրքերից՝ որպես պետական օղակի գործատու: Այս վերաբերմունքն անուղղակիորեն արտահայտված է ՊԵԿ-ից ստացած մեր պատասխանում, այլապես հերքված տեղեկատվության փոխարեն՝ կնշվեին հատուցված կամ քաղաքացիների դիմումների համաձայն շտկված դեպքերը:
Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնող գերատեսչությունում առայժմ չունեն հարցի պատասխանը:
Մեզ փոխանցեցին, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձանագրում է միայն ահազանգերի դեպքերը: 114 թեժ գծին շահառուների ահազանգերը 2018-ին մեծ թիվ են կազմել, ասացին, որ իրենք հարկադրված գրություն են ուղարկել ՊԵԿ և ապա՝ Ֆինանսների նախարարություն, որպեսզի գնան ահազանգերի հետքերով:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ