Ուրսուլա ֆոն դեր Լայենը` Նախիջևանի միջոցով երկաթուղային հաղորդակցության ստեղծման և Բաքվի նավահանգստի զարգացման մասին
Եվրոպական միությունը մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։
«Մենք ունենք «Գլոբալ ցանց» («Global Gateway») ներդրումային ծրագիրը, և այդ ծրագրի շրջանակներում մենք մինչև 200 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնենք Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Սա կարող է հնարավորություն ստեղծել պետական և մասնավոր հատվածների կողմից մինչև 2 մլրդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համար։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանի միջոցով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը», – ասել է ֆոն դեր Լայենը։

