Ինչո՞ւ են շոգին հնարամիտ ֆրանսիացիներն իրենց պատուհանները կավճափոշով պատում
Ռեկորդային շոգի ֆոնին Ֆրանսիայի որոշ խանութներում գրեթե սպառվել է մի պարզ, էժան և անսպասելի ապրանք՝ մանրացված կավիճ․ գրում է BBC-ն։
Blanc de Meudon-ը (Մեդոնի կավճափոշի), որն առավելապես կիրառվում է ներկերի արտադրության մեջ կամ որպես մաքրող միջոց, կիզիչ շոգի պայմաններում նոր կիրառություն է ստացել։ Հնարամիտ մարդիկ այս նյութը խառնում են ջրի հետ և դրանով պատում դպրոցների և բնակելի տների պատուհանները․ արդյունքում ձևավորվում է կաթնագույն, սպիտակավուն ծածկաշերտ, որը ներս է թողնում լույսի մի մասը՝ հետ մղելով ջերմությունը։
Սպիտակ ներկի՝ հատկապես պատերի և տանիքների վրա կիրառումը վաղուց հայտնի է իր զովացնող ազդեցությամբ։
Հայտնի է, որ սպիտակ մակերեսներն արտացոլում են արևի լույսն ու ջերմությունը, մինչդեռ մուգ մակերեսները դրանք կլանում են։ Նշվում է, որ կավճաներկը, ի տարբերություն օդորակիչների, որոնք մեծացնում են ընդհանուր ջերմային ազդեցությունն ու սրում արտանետումների խնդիրը՝ էներգիա սպառելով և հավելյալ ջերմություն արտանետելով դրսի միջավայր, էներգիա է պահանջում միայն դրա արտադրության փուլում։

