Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Ավստրիան Գուայդոյին ճանաչեցին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
Մեծ Բրիտանիան վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է հանրապետության ժամանակավոր նախագահ: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:
«Նիկոլաս Մադուրոն մեր կողմից սահմանված ութօրյա ժամանակաշրջանում չհայտարարեց նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ուստի Միացյալ Թագավորությունը եվրոպական իր դաշնակիցների հետ միասին այժմ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ է ճանաչում մինչեւ այն պահը, երբ հնարավոր կդառնա անցկացնել վստահության արժանի ընտրություններ: Հուսանք, որ դա մեզ թույլ կտա մոտեցնել հումանիտար ճգնաժամի ավարտի պահը Վենեսուելայում»,-գրել է Հանթը:
Իր հերթին Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը փետրվարի 4-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է հարավամերիկյան այդ երկրի ժամանակավոր նախագահ: «Իսպանիայի կառավարությունը հայտարարում է, որ պաշտոնապես Խուան Գուայդոյին ճանաչում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդը «պետք է հնարավորինս շուտ հայտարարի ազատ ընտրությունների անցկացման մասին», որովհետեւ «Վենեսուելայի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան»: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նույնպես հայտարարել է Վիեննայի կողմից Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին: Իր հերթին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալսթրյոմը Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ստոկհոլմը եւս Խուան Գուայդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի լեգետիմ ժամանակավոր նախագահ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: