Ուկրաինայի նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել 89 մարդ
Գրեթե 90 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու որպես հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու: Այդ մասին հայտնել է «Ուկրաինական նորություններ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի տվյալները:
«Ուկրաինական նորությունների» տվյալների համաձայն, հանձնաժողովում փաստաթղթեր են ստացվել 89 անձանցից, նրանցից 50-ի փաստաթղթերն արդեն քննարկվել են, 28 թեկնածուներ գրանցվել են, եւս 22-ը մերժում են ստացել 2,5 մլն գրիվնայի չափով (մոտավորապես 90,6 հազար դոլար) անհրաժեշտ գրավը չներկայացնելու կամ օրենսդրության պահանջներին տրված փաստաթղթերի չհամապատասխանելու պատճառով: Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին:
Նախընտրական արշավն սկսվել է դեկտեմբերի 31-ին, նույն այդ օրն էլ սկսվել է թեկնածուների առաջադրումը եւ գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելը:
Փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգ օր ունի քննարկման ու գրանցման համար: Նախագահական ընտրարշավի առաջատարը, սոցհարցումների տվյալների համաձայն, վերջին ամիսների ընթացքում մնում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն: Երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը, ըստ հարցումների տվյալների, կազմում է շուրջ 14 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: