Բաժիններ՝

Իտալիան արգելափակել է Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ ԵՄ-ի հայտարարությունը. աղբյուր

Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, Իտալիան ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ հունվարի 31-փետրվարի 1-ին Բուխարեստում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը վետո է դրել ԵՄ-ի անունից հայտարարության վրա, որը պետք է աներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, եւ որում ասվում էր, թե ԵՄ-ն կճանաչի Գուայդոյին, եթե չկազմակերպվեն նոր նախագահական ընտրություններ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ արդյունքում հայտարարվել է Եվրամիության կողմից Ուրուգվայի հետ համատեղ փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի առաջին նախարարական հանդիպման անցկացման մասին: Մի խումբ դիտորդների կարծիքով, Վենեսուելայի վերաբերյալ Եվրամիության հայտարարության հետ կապված իրադրությունն այն բանի հերթական հավաստումն է, որ ԵՄ-ի անդամ երկրների շրջանում միասնություն չկա արտաքին քաղաքականության հարցերում:

Հունվարի 26-ին Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, իսկ այնուհետեւ Մեծ Բրիտանիան ու Նիդեռլանդները հայտարարել էին Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե ութ օրվա ընթացքում երկրում չհայտարարվեն նոր ընտրություններ: Դրանից քիչ անց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին փաստորեն նման դիրքորոշում հնչեցրեց Եվրամիության անունից: Վերջնագրի ժամկետը լրացել է փետրվարի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս