Ինչու է փոխվում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունների որակը. Ինչ է սպասվում բանակցային գործընթացին

Մինչ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման սեղանի շուրջ շարունակվում են հակամարտող կողմերի հաճախակի շփումները նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով՝ ճանապարհ բացելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնությունների իրականացման համար, ադրբեջանական կողմը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման ադրբեջանական տեսլականը:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում շեխիդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական հզոր ռազմական ներուժի, ազդեցության և աճող հնարավորությունների շնորհիվ, բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերը բավականաչափ ուժեղացել են: Ալիևն ընդգծել է, որ տարածքային ամբողջականության վերականգնումն իրենց համար ամենակարևոր խնդիրն է, և հակամարտության վերաբերյալ ընդունված բազմաթիվ բանաձևերը միջազգային աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանական ժողովուրդը և պետությունը երբեք չեն հաշտվի այդ օկուպացիայի հետ»,- ասել է Ալիևը` հավելելով, որ դա ցույց են տվել մարտի դաշտում ևս:

Հաջորդ օրն ի պատասխան Իլհամ Ալիևի՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս փորձեց հստակություն մտցնել հայկական դիրքորոշումներում` նշելով, որ կարիք չկա հիշեցնելու, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը կարգավիճակի, անվտանգության հարցերի վերաբերյալ: «Կարիք չունենք ասելու, թե որքան վճռական ենք մենք և ինչպես կարող ենք պաշտպանել մեզ և Արցախը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել խնդիրը»,- ասել էր նախարարը: Նա նաև խոսել էր Մյունխենում կայանալիք անվտանգության համաժողովի ընթացքում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման հնարավորության մասին, չբացառելով այն: Սակայն ադրբեջանական կողմը, ի դեմս Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի, ասել էր, թե նախարարների հանդիպման վայրն ու ժամանակը դեռ հստակեցված չէ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բավական սուր արձագանքեց նաև ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի դիտարկմանը, թե հայկական կողմն ընդհանրապես չի կարող քննարկել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը: Փաշինյանը նաև տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումները բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի են ունենում մտքերի փոխանակումներ: Հարցին, թե Մինսկի խմբի համանախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն՝ վերսկսելու բանակցությունները, Փաշինյանը պատասխանել էր. «Այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում: Մենք պարոն Ալիևի հետ նույնիսկ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են այդ թեմայով աշխատում, իրենք համանախագահների հետ միասին մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվել»:

«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Այդ պահանջն արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք չի նշանակում պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը, որ նա հրաժարվում է բանակցություններից»,- նշված էր ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

«168 Ժամի» հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը փորձեց մեկնաբանել, թե նման դիրքորոշումների պայմաններում ինչ շփումներ են ներկայումս տեղի ունենում: Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ, համադրելով տրամադրությունները հակամարտող երկրներում և պաշտոնական հայտարարությունները, կարող է միայն հաստատել իր ավելի վաղ հայտնած դիրքորոշումները:

Ըստ նրա, դիտարկելով Ադրբեջանում տարատեսակ շրջանակների կարծիքները բանակցային առկա փուլի և հնարավորությունների վերաբերյալ, կարելի է ընդհանուր առմամբ ադրբեջանական դիրքորոշումը ներկայացնել հետևյալ կերպ` Ադրբեջանը դիտարկում է, որ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, որը վայելում է հասարակության հավանությունը, ամուր է երկրի ներսում, արտաքին քաղաքական սխալներ թույլ տալու ժամանակ ևս չի ունեցել, ուստի կա հնարավորություն գործընթացը մեռյալ կետից առաջ մղելու համար:

«Այս գաղափարից ելնելով՝ Ադրբեջանը դիրքավորվեց՝ թուլացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը, տալով համաձայնության մի փաթեթի, որին նախկինում երբեք չէր համաձայնի: Բայց ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը, կարևորը սա է: Այստեղ, կարծում եմ, ոչինչ չի փոխվել, պարզապես հայկական կողմը չի ցանկանում բանակցություններում ստեղծված իրավիճակը վտանգի տակ դնել հայտարարություններով: Այդ պատճառով, ըստ իս, հայաստանյան կողմն ավելի զգուշավոր և հավասարակշռված է իր հայտարարություններում: Ամենայն հավանականությամբ, նաև հաշվի է առնում, որ նոր է այս գործում:

Մեկ այլ հանգամանք, որն արդեն հիմա սրում է կողմերի հռետորաբանությունները` հասարակությունները և հասարակակական տրամադրությունները, խոսակցությունները դավադրությունների և այլնի մասին: Դրանք իշխանությունների համար հաստատում են այն կարծիքը, որ զիջումներն անընդունելի են, տարածվող տեսությունները հերքելու համար պետք է սուր և հստակեցնող հայտարարություններ անել, քանի որ դրանց բացակայությունը պարարտ հող է ստեղծում խոսակցությունների համար:

Ադրբեջանի դեպքում կա ևս մեկ գործոն` ներքաղաքական իրավիճակը և ընդդիմությունից հնչող քննադատությունները Ղարաբաղյան ուղղությամբ քաղաքականության վերաբերյալ: Եվ այստեղ հասկանալի է դառնում, որ հնարավոր չի լինելու երկար ժամանակ խուսափել լուրջ խոսակցությունից, և կողմերը կրկին բախվելու են միմյանց այս դիրքորոշումներով»,- մեկնաբանեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է շփումներին, ապա վերլուծաբանը գտնում է, որ ներկայումս տեղի ունեցողը շփումներ են ղեկավարների միջև, խորհրդակցություններ` նախարարների միջև:

«Հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախի փոխարեն՝ բանակցություններ չեն լինելու, և, որ անընդունելի է խաղաղությունը տարածքների դիմաց, կարևոր է կարգավիճակի հարցը: Ադրբեջանն իր հերթին՝ իր դիրքորոշումը հաստատեց: Նման հստակությամբ վերջին շրջանում դիրքորոշումներ չէին հայտնվել: Սա, ցանկանա՞ն դա կողմերը, թե՞ ոչ, բանակցային գործընթացում կողմերի ընկալումները հակառակորդի մտադրությունների վերաբերյալ հստակեցնելու է, ինչը բարդացնելու է հանդիպումների ներկայումս առկա ինտենսիվությունը, քանի որ բանակցություններ հանուն բանակցությունների ընդունելի չեն ադրբեջանական կողմի համար: Ադրբեջանը ցանկանում է այս փուլն օգտագործելով՝ ինչ-որ հնարավորություն ստեղծել»,- ասաց Մաքֆարլեյնը:

Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ դիտարկումը, թե նախարարները պետք է բանակցեն և ինչ-որ համաձայնություններ ներկայացնեն ղեկավարներին՝ թույլ է տալիս պնդել, որ ղեկավարներն իրենք չեն բանակցում, այլ հանդիպում են, որպեսզի հետագա շփումները պաշտոնական մակարդակում ավելի հեշտ տրվեն:

«Սա էլ իր հերթին՝ անհասկանալի է դարձնում, թե ինչի շուրջ են նախարարները բանակցում, եթե դիրքորոշումներն ամենակարևոր հարցերում միմյանց մերժող են: Այնուամենայնիվ, փաստը, որ կողմերը կարողանում են ինչ-որ հարցեր քննարկել և ավելի հաճախ հանդիպել, քան նախկինում՝ լավ է, առավել լավ է, երբ դա տեղի է ունենում նման դիրքորոշումների պարագայում:

Ներկայումս ստեղծված իրավիճակը ևս փաստում է, որ սա բարդ հակամարտություն է, որը ողջամտություն է պահանջում կողմերից: Ես այս իրավիճակում նույնիսկ, երբ խոսվում է խաղաղության նախապատրաստելու մասին, հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չեմ տեսնում, քանի որ հակամարտող կողմերը բոլորովին տարբերվող պատկերացումներ ունեն կարգավորման սկզբունքների և տարրերի վերաբերյալ, չեն պատկերացնում որևէ զիջում: Չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում առաջանա նույնպիսի դադար, ինչ նախկինում»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս