Բնապահպանության նախարարությունը զարգացնում է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկը փետրվարի 1-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը միտված է շրջակա միջավայրի պահպանությանը ու վերականգնմանը, թափոնների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ ընկերության հետ նախարարությունն արդեն ունի արդյունավետ համագործակցության փորձ` ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում և ստորագրվող հուշագրով սկիզբ է դրվում համագործակցության նոր՝ ավելի ընդգրկուն փուլի։ Նախարարը հույս է հայտնել, որ գործընկերության այս օրինակն ավելի մեծ թվով մասնավոր ընկերությունների և գործարար շրջանակների համար պետության հետ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության խթան կհանդիսանա։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկը գոհունակությամբ նկատել է, որ ստորագրված հուշագրով ընդլայնվում են բնապահպանական խնդիրների, դրանց թվում նաև թափոնների դեմ պայքարի իրենց միջոցառումները՝ ընդգրկելով Հայաստանի մարզերը և տեղեկացրել է, որ նման բնապահպանական հիմնախնդիրների դեմ նաև սեփական օրինակով են պայքարում՝ վերամշակելով ընկերության ներքին թափոնների 98 տոկոսը։
Թափոնների կայուն կառավարման ուղղությամբ համագործակցության շրջանակներում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը տրամադրել է պլաստիկ շշի համար նախատեսված 25 տարա։ 5 տարա նույն օրը տեղադրվել է Երևան քաղաքի Խաչքարերի պուրակում, իսկ 20-նն առաջիկա օրերին կտեղադրվի Թալին քաղաքում՝ օժանդակելով Բնապահպանության նախարարության նախաձեռնած «Կանաչ Թալին» ծրագրին։ Ընկերությունն իրականացնելու է նաև այդ տարաներում կուտակված պլաստիկի տեղափոխումն ու վերամշակումը։