Բաժիններ՝

1,1 միլիարդ հաշվեգրերի տվյալներն արտահոսել են համացանց. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները տուժած օգտատերերին

Կիբեռանվտանգության փորձագետ Տրոյ Հանթը (Troy Hunt) իր բլոգում տեղեկացրել է, որ համացանցում հայտնաբերվել է Collection #1 անվանումը կրող տվյալների հսկայական բազան։ Այդտեղ 700 մլն ունիկալ e-mail հասցեներ են և 1,1 մլրդ ոչ պակաս ունիկալ մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, թե ինչպես ստուգել, հայտնվել են արդյոք բազայում որոշակի օգտատիրոջ տվյալները, և ինչ անել, եթե դժբախտությունը նրան չի շրջանցել։

Տվյալների արտահոսքերի և անվտանգության համակարգերի սողանցքները հազվադեպ երևույթ չեն։ Բայց երբեմն դրանք առանձնապես խոշոր են լինում։ Կիբեռհանցագործներից շատերը հավաքում են համացանց արտահոսած տեղեկատվությունը՝ ստեղծելով մուտքանունների և գաղտնաբառերի սեփական բազան։ Ընդ որում, ոմանք ձգտում են հավաքագրել յուրաքանչյուր արտահոսքի տվյալները՝ իրենց հավաքածուն համալրելու համար։ Այդպես էլ հայտնվում են նման հսկայական հավաքածուները, ինչպիսին է Տրոյ Հանթի հետազոտության առարկան՝  Collection #1-ը։

Այդ բազան չի ձևավորվել ինչ-որ մեկ խոշոր միջադեպի արդյունքում, ինչպես եղել էր Yahoo-ի օգտատերերի հաշվեգրերի (account) գողության արդյունքում. ջանասեր հավաքածու կազմողը 2008 թվականից համալրում էր այն 2000 տարբեր արտահոսքերի տվյալներով։ Որոշ գրանցումներ  Collection #1-ում են հայտնվել բոլորովին վերջերս։

Տարօրինակ է, որ բազա չեն մտել այնպիսի հայտնի արտահոսքերի մուտքանուններն ու գաղտնաբառերը, ինչպիսին են LinkedIn-ի 2012 թվականի դեպքը և Yahoo-ի երկու արտահոսքերը («Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրել է Yahoo-ի և՛ առաջին, և՛ երկրորդ արտահոսքի մասին)։

Կարդացեք նաև

Ինչպես իմանալ, կա՞ն արդյոք որոշակի օգտատիրոջ տվյալները Collection #1-ում

Օգտատերը Collection #1-ում իր տվյալները կարող է որոնել haveibeenpwned.com կայքում։ Իմանալու համար, թե գողացված տվյալների որ բազայում է (որոնք, իհարկե, հայտնի են ծառայության հեղինականերին) հայտնվել այս կամ այն e-mail-ը, պարզապես անհրաժեշտ է այն մուտքագրել համապատասխան դաշտ։

Եթե օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն հայտնվել է Collection #1-ում, կայքը կհայտնի նրան այդ մասին։ Եթե ոչ, ապա նրա բախտը բերել է, և հարցը կարելի է համարել փակված։ Եթե հաջողությունը շրջանցել է նրան, ապա նա պետք է պատրաստվի արկածների։

Ի՞նչ անել, եթե հաշվեգիրը կա Collection #1-ի տվյալների բազայում

Այսպիսով, օգտատիրոջ e-mail-ը հայտնվել է գողացված տվյալների հավաքածուում։ Ցավոք, haveibeenpwned.com-ը չի հուշի, թե հենց որ հաշվեգիրն է տուժել. չէ որ օգտատերը կարող էր այդ փոստարկղն օգտագործել բազմաթիվ կայքերում՝ կրիպտոարժույթների ֆորումում, էլեկտրոնային գրադարանում, կատու սիրողների առցանց-հանրությունում և այլ ցանկացած կայքում գրանցվելու համար։ Նա ունի գործելու երկու տարբերակ, և ընտրությունը կախված է նրանից, թե օգտագործել է նա միևնույն գաղտնաբառը մի քանի ծառայությունների համար, թե՝ ոչ։

Առաջին տարբերակ. օգտատերը միևնույն գաղտնաբառն օգտագործում է մի քանի հաշվեգրերում, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Այս դեպքում ջանք թափելու կարիք կլինի. նա պետք է փոխի գաղտնաբառերն ամենուրեք, որտեղ օգտագործվել է այդ չարաբաստիկ e-mail-ը։ Այո՛, յուրաքանչյուր կայքում։ Հարկ է չմոռանալ, որ գաղտնաբառերը պետք է երկար և ունիկալ լինեն։ Հասկանալի է, որ եթե օգտատերը սովոր է օգտագործել միևնույն գաղտնաբառը բոլոր կայքերում, ապա նա կդժվարանա  հիշել մեծ թվով գաղտնաբառերը։ Այս դեպքում նրան օգնության կգա գաղտնաբառերի մենեջերը։

Երկրորդ տարբերակ. օգտատերն ունիկալ գաղտաբառեր է օգտագործում բոլոր հաշվեգրերի համար, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Սա մեծ չափով պարզեցնում է խնդիրը։ Կարելի է վարվել, ինչպես առաջին դեպքում՝ փոփոխելով բոլոր գաղտնաբառերն անխտիր։ Բայց դրա անհրաժեշտություն իրականում չկա։ Սկզբում արժե ստուգել գաղտնաբառերը Pwned Passwords-ի՝ haveibeenpwned-ի ևս մեկ օգտակար գործառույթի օգնությամբ։

Բավական է մուտքագրել օգտատիրոջ հաշվեգրերից մեկի գաղտնաբառն իմանալու համար, թե պահպանվում է արդյոք այն ծառայության տվյալների բազայում սովորական տեքստի կամ խեշի տեսքով։ Եթե haveibeenpwned-ը ցույց տա, որ նրա գաղտնաբառն արտահոսքի արդյունքում գողացվել է գոնե մեկ անգամ, ավելի լավ է փոխել այն։ Եթե ոչ, ապա ամեն ինչ կարգին է և կարելի է անցնել մյուս գաղտնաբառի ստուգմանը։

Եթե չկա haveibeenpwned-ին կուրորեն վստահելու և կայքին գաղտնի տվյալները հայտնելու ցանկություն, ապա կարելի է գաղտնաբառի փոխարեն նրա որոնման դաշտ մուտքագրել դրա  SHA-1 խեշը։ Ծառայությունը ցույց կտա նույն արդյունքը։ Համացանցում կան մեծ թվով ռեսուրսներ, որոնք տրամադրում են ցանկացած տեղեկատվության SHA-1 խեշը։

 Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել և չդառնալ հերթական արտահոսքի զոհ

Վերջին մի քանի տարիներին տեղի են ունեցել մեծ թվով արտահոսքեր, և չկա որևէ հիմք ենթադրելու, որ դրանց թիվը կփոքրանա, ամենից հավանական է՝ տեղի կունենա հակառակը։ Collection #1-ի նմանակները պարբերաբար ազատ հասանելի կդառնան, և կիբեռհանցագործները նախկինի պես ուրախ կլինեն ձեռք գցել այլոց գաղտնաբառերը և մուտքանունները։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն առաջարկում են կիրառել մի քանի հասարակ նախազգուշական միջոց, որպեսզի օգտատոիրոջ տվյալները չհայտնվեն չար ձեռքերում.

  • Օգտագործել երկար և ունիկալ գաղտնաբառ յուրաքանչյուր հաշվեգրի համար։ Եթե որևէ ծառայությունից արտահոսք տեղի ունենա, օգտատիրոջն անհրաժեշտ կլինի փոխել ընդամենը մեկ գաղտնաբառ. մյուս հաշվեգրերը չեն տուժի։
  • Միացնել մուտքի երկգործոն ստուգում ամենուրեք, որտեղ հնարավոր է։ Այդպես ցանցահենները չեն կարողանա մտնել օգտատիրոջ հաշվեգիր՝ նույնիսկ գիտենալով նրա մուտքանունը և գաղտնաբառը։
  • Օգտագործել պաշտպանական լուծումներ, որոնք կարող են օգտատիրոջը զգուշացնել արտահոսքերի մասին։ Նման գործառույթ ունի, մասնավորապես, Kaspersky Security Cloud-ը։
  • Օգտագործել գաղտնաբառերի մենեջեր, որտեղ կարելի է ստեղծել և պահել հուսալի և ունիկալ գաղտնաբառեր՝ դրանք չհիշելու համար։ Որոշ մենեջերներում նաև կա գաղտնաբառի արագ փոփոխման գործառույթ։ Օրինակ, Kaspersky Password Manager-ն արդյունավետ կերպով կարողանում է լուծել բոլոր թվարկված խնդիրները։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս