Չինաստանը և ԱՄՆ-ն առաջընթացի են հասել առևտրական բանակցություններում
Չինաստանը եւ ԱՄՆ-ն առաջընթացի են հասել երկկողմ առեւտրի բնագավառում հաշվեկշռի վերականգնման, տեխնոլոգիաների արտահանման եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Հունվարի 31-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առեւտրական բանակցությունների արդյունքներին նվիրված հանդիպմանն այս մասին հայտարարել է Չինաստանի պատվիրակության ղեկավար, ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն։
«Կոնսուլտացիաների այս փուլի ընթացքում կողմերն անկեղծ քննարկումներ անցկացրեցին առեւտրական հաշվեկշռի վերականգնման, տեխնոլոգիաների արտահանման, մտավոր սեփականության պաշտպանության, երկկողմ մեխանիզմների աշխատանքի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջը»,- փետրվարի 1-ին նրա խոսքից մեջբերում է անում «Սինհուա» գործակալությունը:
«Կառուցողական երկխոսության ընթացքում ձեռք բերվեց կարեւոր միջանկյալ առաջընթաց, որը հիմք դրեց կոնսուլտացիաների հետագա փուլի համար»,- նշել է նա: Հունվարի 31-ին Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական կոնսուլտացիաների նոր փուլը, որն սկսվել էր հունվարի 30-ին:
Ինչպես փետրվարի 1-ին հայտնել է «Սինհուա»-ն, առեւտրատնտեսական հարցերի շուրջը չին-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարի կեսերին ՉԺՀ-ի մայրաքաղաքում, ԱՄՆ-ի կողմից դրան կմասնակցեն առեւտրական բանակցություների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: