«Եթե իրենք գիտեն ստվերի տեղը, ճիշտ չի՞ լինի՝ այդ ստվերի դեմ պայքարեն»
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի թարմացված տարբերակը, որ կառավարությունը հունվարի 23-ին տեղադրել է e-draft հարթակում հանրային քննարկման համար, «խորտակվում» է։ Այս մի քանի օրերի ընթացքում այն ստացել է մոտ 590 դեմ և ընդամենը 50 կողմ ձայներ։ Շուրջ 225 մեկնաբանությունները մեծամասամբ մասնագիտական բովանդակային քննադատություններ են, կան նաև այսպիսինները՝ «շուտով շնչելու համար էլ ենք ստիպված լինելու հարկ վճարել», «Ինչ անեմ՝ տներս ծախեմ, գնամ», «աչքը սարքելու տեղը՝ ունքն էլ հետն են հանում: Խայտառակություն»։ Կառավարության ներկայացուցիչներն ընդունում են, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում կան որոշ խնդրահարույց դրույթներ, որոնք քննարկման և փոփոխման անհրաժեշտություն ունեն։
Միաժամանակ նշում են, որ փոփոխություններն ուղղված են այս փուլում տնտեսական միջավայրի որոշակի բարելավմանը, իսկ մնացած առաջարկները պետք է քննարկել ամբողջովին նոր Հարկային օրենսգիրք ընդունելու շրջանակներում։ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ զրուցեցինք պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ
– Պարոն Քյուրումյան, Ձեր կարծիքով՝ ո՞ր դրույթներն են առավել խնդրահարույց նոր նախագծում։
– Դա մոտեցման հարց է, ճիշտ ու սխալի խնդիր չկա, ես համամիտ չեմ համահարթ հարկի գաղափարի հետ և հաշվապահներին, խորհրդատուներին ու իրավաբաններին շրջհարկից ԱԱՀ հարկման դաշտ տեղափոխելու հետ։
– Համահարթ հարկի անցնելն ինչո՞ւ է սխալ, ի՞նչ հետևանք կունենա։
– Ժամանակին պրոգրեսիվ հարկն ինչո՞ւ էին մտցրել։ Որպեսզի նա, ով ավելի շատ եկամուտ ունի, դրան համապատասխան՝ ավելի շատ հարկ վճարի, և բյուջեի վերաբաշխիչ դերը կատարվի։ Այսինքն՝ այդ միջոցների հաշվին հասարակության ավելի պակաս ապահովված խավերի համար ինչ-որ ծառայություններ մատուցվեն, ինչ-որ խնդիրներ լուծվեն, այսինքն՝ բյուջեն վերաբաշխելու դեր ունի, մի քիչ ավելի շատ եկամուտ ունեցողներից վերցնել, տալ նրանց։ Համահարթ հարկի դեպքում ավելի ցածր եկամուտ ունեցողների կողմից վճարվող համախառն հարկերի տեսակարար կշիռն ավելի մեծ է լինելու, քան ավելի բարձր եկամուտներ ունեցողներինը:
– Իշխանությունները համահարթեցումը պայմանավորում են ստվերային եկամուտների առկայությամբ։
– Եթե իրենք գիտեն ստվերի տեղը, ճիշտ չի՞ լինի՝ այդ ստվերի դեմ պայքարեն։ Կարծում եմ՝ եթե խնդիր կա, պետք է դրա լուծման ուղղությամբ աշխատել, ոչ թե փորձել ինչ-որ շրջանցող լուծումներ գտնել։
– Մասնագիտացած ծառայություններն ԱԱՀ դաշտ բերելն ի՞նչ հետևանք կունենա։
– Հարկային բեռը նրանց համար միանգամից 4 անգամ կավելանա, և բնական է, որ այդ ծառայություններ մատուցողներն իրենց գները համապատասխան չափով կբարձրացնեն, այսինքն՝ այդ ծառայությունները կթանկանան, և քանի որ այդ ոլորտներում շատերն արտերկրի ընկերությունների հետ են մրցում, իրենք կհայտնվեն անբարենպաստ վիճակներում, քանի որ հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ միշտ էլ կարելի է ցանկացած տեղից էլ ստանալ։ Այսինքն՝ մրցակցությունը միայն հայկական ծառայությունների շուկայում չէ, այդպիսի ռեժիմներ կան հարևան հանրապետություններում, այլ երկրներում, որ մինչև ինչ-որ մի շեմի ապահովումը մարդիկ մի հարկային դաշտում են գործում, շեմը գերազանցելու դեպքում անցնում ես այլ հարկային դաշտ։
Իսկ մեզ մոտ ուզում են ընդհանրապես շրջանառության հարկի 58.3 մլն դրամ շեմը հանել, բայց ո՞րն է հիմնավորումը, նախկինում ինչո՞ւ էին մտցրել, հիմա ինչո՞ւ են ուզում հանել, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ մարդկանց գործունեության մեջ, որ դրա արդյունքում որոշել են, որ նրանց պետք է տեղափոխել այլ հարկային դաշտ։
– Իշխանությունները նշում են, որ այս ոլորտներն ավելի բարձր շահութաբեր են և իրացման շրջանառության ավելի մեծ ցուցանիշներ ունեն։ Արդյոք արդարացվա՞ծ է նրանց ներկայիս հարկման չափը։
– Նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որպեսզի զարգանան այդ ճյուղերը։ Այսինքն՝ մարդը, որը, օրինակ, իրավաբանական ծառայություն է մատուցում կամ խորհրդատվական, իրեն պետք չի եղել հաշվապահություն վարել։ Իսկ եթե դու մտար այլ հարկային դաշտ, պետք է այլ հաշվապահություն վարես, ավելացված արժեքի հարկի հետ կապված մի քանի հաշվետվություններ կան, իսկ հիմա պարզ շրջանառության մի հարկ է, որ եռամսյակը մեկ վճարում ես ու քո գործունեությունը ծավալում, վարչարարական հարցերը շատ ժամանակ չէին խլում։ Այսինքն՝ հիմա լրիվ այլ դաշտ ես մտնելու այս փոփոխությամբ, և թե՛ հարկումն է ավելանում, թե՛ ինչ-որ նոր պահանջներ են ներկայացվելու։
– Այսինքն՝ կյանքը բարդացվում է։
– Այո, ռեժիմը խստացվում է, բայց, կարծես, ոչ թե պետք է խստացվեր, այլ պարզեցվեր։ Եվ դրան զուգահեռ՝ բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատողների հարկն իջեցվում է, այսինքն՝ նրանց համար լավացնում են, թեև ես համամիտ չեմ, որ դա կբարելավի իրավիճակը։
– Վրաստանի օրինակը մեր երկրում շատ են սիրում ներկայացնել, տեղյա՞կ եք՝ այնտեղ ինչպես է։
– Շատ մանրամասն տեղյակ չեմ, բայց հայտնի է, որ այսօրվա պայմաններում շատ հեշտ է բիզնես տեղափոխելը, հնարավորություններ կան, մարդիկ տիրապետում են։ Օրինակ՝ Էստոնիան առաջարկում է e-register համակարգով ձեռնարկություն գրանցել, և այնտեղից կարելի է գործունեություն ծավալել։ Այսինքն՝ այսօրվա աշխարհում հնարավորությունները շատ են։ Իսկ այս նախագծով, չգիտեմ՝ ինչի՞ են ձգտում, նախ՝ փոփոխության նպատակը հայտնի չի, հիմնավորումները վերաբերում են ընդամենը 700-800 մարդու, մի՞թե նրանց եկամուտներն այնքան ավելացել են, որ պետք է ավելի շատ հարկել։ Քանի որ նպատակը չեն սահմանել, անհասկանալի է, թե ինչու են սա անում։
– Վտանգ եք տեսնում, որ բիզնեսը կփախնի՞ Հայաստանից։
– Ոչ այդքան, դաշտը փոքր է, մի քանի տասնյակ հազարների մասին չի խոսքը։ Մի տեղ նշում են, որ փոփոխությունը 2800 մարդու է վերաբերում, բայց դա ամբողջ ԱՁ դաշտն է։ Այդտեղ մի քանի հարյուր միլիոնների շրջանառություններ չեն, բայց ոլորտ է, որն աշխատում էր, հաշվապահական, իրավաբանական, խորհրդատվական ծառայություններ են մատուցում մարդիկ։
– Իշխանությունները նաև ասում են, որ այս նախագիծը «թեժ կետերն» է փակում, իսկ հիմնական փոփոխությունները՝ ավելի խորը մշակումներ կարվեն Հարկային նոր օրենսգիրք ներկայացնելու համար։ Ի՞նչ ակնկալիք ունեք, այսօր բիզնեսի ձայնը հասանելի կլինի՞։
– Ես չգիտեմ՝ ինչ «թեժ կետեր» կան հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների դեպքում, մարդիկ աշխատում էին, ու հանկարծ՝ պայթյուն անամպ երկնքում։ Ի՞նչ հրատապություն կար։ Նոյեմբերին ներկայացված նախագծում նման բան, կարծես, չկար, ի՞նչ փոխվեց այս 2 ամսում, որ այդ կետը մտցվեց նախագիծ։ Կամ պրոգրեսիվ հարկումից համահարթ անցումը հրատա՞պ է։ Որևէ մեկը չի ասել՝ ինչում է դրա հրատապությունը։
Հարկային օրենսգիրքը, այո՛, պետք է փոխել, այն շատ բարդ է գրված, լեզուն խճճված է, բայց պետք է մասնագիտական հանրության հետ նստել, քննարկել։ Ի՞նչ հրատապության խնդիր կա։