«Միջնորդներն ու Ադրբեջանն ակնկալիքներ ունեն Հայաստանից ԼՂ հարցում». Լուկիանով

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքում չի լինի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, թե Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն:

«Առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն, ինչպես ես եմ հասկանում՝ և՛ նախարարների, և՛ առաջնորդների մակարդակով: Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի դրանք բովանդակալից լինեն, իրական արդյունքներ ունենան և առաջընթաց արձանագրեն: Բայց այս պահին չափազանց կարևոր է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի ու հանգիստ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին բնորոշ է այդ հանգստությունը, իրադրության համեմատաբար կանխատեսելիությունը:

Պետք է շարունակել այդ ոգով,- նշել էր Կարասինը՝ շարունակելով,- Այդ առումով միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս․ բոլոր մասնակիցները, եռանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, բոլորը համակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: Իսկ ահա բանակցությունների անցկացումը, քայլերի հաջորդականությունը, դրանց արդյունքը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համար, այդ թեման շատ արդիական է, բայց հարցը պետք է քննարկվի հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

Լուկիանովն ասաց, որ դրական է ակտիվ բանակցային գործընթացը, որն ընթանում է նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով: Ըստ նրա, նկատելի է ադրբեջանական կողմի ոգևորությունը և հայկական կողմի զգուշավորությունն այս հարցի վերաբերյալ, քանի որ նոր իշխանությունները հասկանում են հարցի կարևորությունը հասարակության համար և իրենց քաղաքական ապագայի համար: Լուկիանովի համոզմամբ՝ «կտրուկ շարժումներ» ոչ մի կողմը չի անում, դրական է, որ կա հարաբերական խաղաղություն շփման գծում, այսինքն` դրական ֆոն բանակցություններն առաջ մղելու համար:

«Իհարկե, դա մտածված է տեղի ունենում` ներկայումս առկա հնարավորությունները լիովին հասկանալու համար: Փոխարտգործնախարարը ճիշտ է, նա նորություն չի ասում, որևէ միջնորդի հարկավոր չէ ուժային կարգավորում ԼՂ հակամարտության գործընթացում, և Ռուսաստանը, ունենալով հստակ շահեր և շահերի բավական բարդ խումբ տարածաշրջանում, որը հաճախ է խնդիրների առիթ դառնում, հակամարտության լարման դեպքում ջանքեր չի խնայել հակամարտության բուռն փուլը մեղմելու համար և դա կանի նաև ապագայում անհրաժեշտության դեպքում:

Նման սցենարները դեմ են թե՛ Ռուսաստանին, թե՛ Նահանգներին, և թե՛ Եվրամիությանը: Եթե հակամարտության լարված փուլին անցում լինի, դա կլինի հակամարտող երկրներից կախված հանգամանք, և ոչ՝ արտաքին ազդեցություն: Անդրադառնանք բանակցային գործընթացին. իմ կարծիքով՝ կողմերը չեն հրաժարվել իրենց նախկին դիրքորոշումներից, որը տեսանելի դարձավ վերջին օրերի նախարարական հայտարարություններից:

Այլ հարց է, որ այդ դիրքորոշումներն անընդհատ չեն շեշտվում սրությամբ, կողմերը խուսափում են միմյանց խայթող և գործընթացում նյարդայնություն մտցնող հայտարարություններից: Հետաքրքրականն այն է, որ նրանք գիտեն, որ այդ դիրքորոշումներն են հենց բուն խնդիրը, և նկատելի է, որ ամեն առիթով չեն փորձում շեշտել իրենց դիրքորոշումը, թեև վերջին ամիսներին ադրբեջանական կողմի հայտարարություններում շատ ավելի հաճախ է արտացոլվել ադրբեջանական դիրքորոշումը կարգավորման գործընթացում:

Իսկ հայկական կողմը, ըստ էության, վերջերս ավելի հստակ ուղերձ փոխանցեց՝ նշելով, որ ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ հայկական դիրքորոշումը չի փոխվել, «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է, իսկ սա նշանակում է, որ կողմերը դեռ պետք է հասկանան, թե որտեղ է այս գործընթացում հատման կետը:

Ուստի ճեղքում այս պայմաններում չեմ ակնկալում բանակցային գործընթացից, քանի որ դիրքորոշումների փոփոխություն չեմ տեսնում, չնայած տարատեսակ մեկնաբանություններ կան նաև բանակցային գործընթացի ներկա ակտիվության մասին, որ կան բանակցություններ շատ ավելի լուրջ բնույթի, սակայն ես նման մեկնաբանություններ անելու համար հիմքեր չեմ տեսնում: Ես նկատում եմ, որ կա դրական ֆոն, կա դրական ակնկալիք, բայց դիրքորոշումները նույնն են` Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում շեշտում է իր բանակցային ամուր դիրքերի մասին՝ խոսելով իր ռազմական ներուժի մասին, իսկ Հայաստանը պնդում է, որ դիրքորոշում չի փոխվել: Բայց ակնկալիքներ կան միջնորդների և Ադրբեջանի մոտ, քանի որ Հայաստանը զգուշավորություն է ցուցաբերում»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս