Սեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ հողմաէլեկտրակայանի կառուցման նպատակով հրավիրված հանրային լսում
Սեւանի համայնքապետարանում հրավիրված հանրային քննարկումը նվիրված էր «Արմեն Վինդ Ուան» ՓԲ ընկերությունը կողմից Գեղարքունիքի մարզի հյուսիսարեւմտյան մասում հողմաէլեկտրակայանի կառուցման նախագծին, որն իրականացվելու է «Հայաստան. Քամի մեկ» ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, հանրային լսմանը մասնակցում էին 3 ազդակիր համայնքների` Սեւանի, Դդմաշենի եւ Զովաբերի ներկայացուցիչները: Հանրային լսումը հրավիրել էր «Ի Էյ Էներջի Ը դվայզորի» ընկերությունը, որն անկախ հայկական խորհրդատվական ընկերություն է եւ ներդրումային ծրագրերի շրջանակներում տրամադրում է տեխնիկական եւ տնտեսագիտական խորհրդատվություն:
Ընկերության ներկայացուցիչ Վռամ Թեւոսյանը հանրային լսման մասնակիցներին ներկայացրեց հողմաէլեկտրակայանի կառուցման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես` շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը: Ըստ բանախոսի՝ 2003 թվականին մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները, որոնց համաձայն՝ տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ եւ 1.26 մլրդ. կվտժ էլէներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Սոթքի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի եւ Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սեւանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի եւ Գորիսի միջեւ գտնվող բարձունքային գոտին եւ Մեղրիի տարածաշրջանը:
Ուսումնասիրելով վերը նշված տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից վերականգնվող էներգետիկային ցուցաբերվող աջակցությունը` «Աքսես Փաուեր» ընկերությունը նախատեսում է Սեւան քաղաքի մերձակայքում կառուցել եւ շահագործել հողմաէլեկտրակայան: Արտադրված էլեկտրական էներգիան ցանցին միացնելու համար նախատեսվում են կառուցել 220 ԿՎ օդային գծեր: Հողմաէլեկտրակայանի տուրբինների տեղադրումը նախատեսվում է իրականացնել Սեւանի թերակղզուն մոտ ափից դեպի հյուսիս- արեւմուտք: Հեռավորությունը 1.54 կմ-ից մինչեւ 21 կմ, միջին բարձրությունը` ծ.մ. 2300 մ: Մոտակա տուրբինը Սեւան քաղաքից կլինի 2.76 կմ, Ծովագյուղից՝ 4.47 կմ, Սեւանավանքից՝ 5.66 կմ, Հրազդան քաղաքից՝ 7.12 կմ հեռավորության վրա: Հողմաէլեկտրակայանի համար հայցվող տարածքները գտնվում են Սեւան, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքների վարչական տարածքներում:
«Հողմաէլեկտրակայանի եւ օդային գծերի համար նախատեսվող հողերը գյուղատնտեսական են և արոտավայրեր: Դրանց մեծ մասը համայնքային հողեր են, սակայն օդային գծերի դեպքում հնարավոր է, որ որոշ հատվածներ անցնեն սեփականաշնորհված հողերով: Օդային գծերի ջրագծի տուրբինների հիմքերի ստույգ կոորդինատները կհստակեցվեն աշխատանքային նախագծման շրջանակներում, այդ թվում նաեւ նախատեսվող հողերի կարգավիճակը:
Հողմաէներգետիկան համարվում է բնապահպանական տեսակետից էլեկտրական էներգիայի արտադրության առավել նպաստավոր ուղղություններից: Այն թույլ է տալիս նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը, մթնոլորտային օդի եւ ջրային ռեսուրսների աղտոտումը, տրանսպորտային տեղափոխումները: Ներկայացվող գործունեության իրականացման ժամանակ բնապահպանական ռիսկերը կապված են հողմակայանի շինարարության եւ շահագործման հետ:Նախատեսված է նաեւ բնապահպանական եւ սոցիալական միջոցառումների ծրագիր: Քննարկումներ եւ խորհրդատվություն կանցկացվեն բոլոր ՀԿ-ների հետ, որոնք թռչունների պահպանման հարցում ակտիվ մասնակցություն ունեն: Չնայած զգայուն ընկալիչները բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում տուրբինների համար նախատեսվող տարածքից, այնուամենայնիվ, աղմուկի մակարդակը համապատասխան ստանդարտներում պահելու համար կիրականացվի աղմուկի մոնիթորինգ եւ համակարգչային մոդելավորում»-մանրամասնեց բանախոսը:
«Հանդիպման մասնակիցները կիսեցին իրենց մտահոգությունները, տվեցին մի շարք հարցեր, կատարեցին դիտարկումներ, որոնք հանրային 2-րդ լսման ժամանակ հաշվի են առնվելու: Ամբողջության մեջ հողմաէլեկտրակայանի կառուցումը տարածաշրջանի համար ունի կարեւորագույն նշանակություն եւ համայնքների տնտեսության զարգացման վրա ունենալու է դրական ազդեցություն»,-նշեց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան