«Այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ին, չի կարելի թույլատրելի լինի «Իմ քայլի» համար, ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարելի թույլատրելի լինի Նիկոլ Փաշինյանի համար»

«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ իր ենթակայության տակ, որպեսզի կոալիցիա կազմելու դեպքում այդ կառույցները բանակցությունների առարկա չդառնան: Սերժ Սարգսյանն իներցիայով թողեց, որ որևէ լծակ չկորցնի»,- այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը:

Ըստ նրա՝ բազմաթիվ առիթներ են եղել համոզվելու, որ խորհրդարանը չի կարողանա որևէ կերպ իրականացնել այդ կառույցների նկատմամբ վերահսկողություն, որովհետև չլինելով կառավարության անդամ, այդ կառույցների ղեկավարները պարտավոր չեն ներկայնալ խորհդարան և պատասխանել հարցերի, հետևաբար՝ քաղաքական վերահսկողությունից դուրս են մնում, իսկ պատասխանատվությունն այդ դեպքում մնում է վարչապետի վրա:

Նա հարցադրում արեց, թե ի՞նչ կառավարման համակարգի ենք գնում, խորհրդարանն ամբողջությամբ պե՞տք է կարողանա վերահսկողություն իրականացնել, թե՞ ոչ:

«Այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ին, չի կարելի թույլատրելի լինի «Իմ քայլի» համար, ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարելի թույլատրելի լինի Նիկոլ Փաշինյանի համար, այսինքն՝ չպետք է մնա իշխող ուժի քաղաքական կամքի հույսին, պետք է լինեն ինստիտուտներ»,- իր հերթին հայտարարեց ԼՀ-ի խոսնակ Անի Սամսոնյանը:

Գ.Գորգիսյանը հիշեցրեց մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանի կարծիքը, որ ուժային կառույցները չպետք է լինեն վարչապետի ենթակայության տակ, որովհետև կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Նա պնդեց, որ երբ ուժային կառույցները գալիս են քաղաքական դաշտ, չեն քաղաքականացվում, օրինակ՝ ԶՈՒ-ն գործում է անկախ, բայց կա քաղաքական պատասխանատվություն, քաղաքակնության մշակում.

«Անկախ թե ով կլինի համակարգի գլխին, այն պետք է ժամացույցի պես աշխատի»:

Տեսանյութեր

Լրահոս