Բաժիններ՝

Աշխատող կամ չաշխատող Հայաստան

Պարզվում է՝ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալ պահի իշխանության «ճաշակով» տնտեսական (ու հարակից ոլորտների) աճի մասին տվյալներ հրապարակելու համար չի: Այս կառույցն ի վիճակի է լուրջ հետազոտություններ անելու:

Լավագույն օրինակը, թերևս, «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018թ.» ուսումնասիրությունն է: Այն լուրջ ու բավարար հիմք է մեր երկրի տնտեսական ներուժն ուսումնասիրելու, տնտեսական բարեփոխումների ծրագրեր մշակելու, տնտեսական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու ու նման բնույթի այլ խնդիրների համար:

Այս ուսումնասիրության մեջ, ցավոք, հստակ նկատվում է, թե վերջին տասնամյակներին ինչ հարահոս ու սահուն կրճատվում է տնտեսապես ակտիվ բնակչության քանակը մեր երկրում: 2018թ. տվյալներով՝ 15-75 տարեկան բնակչության թվաքանակը նվազելով՝ հասել է 2 մլն 21 հազար մարդու ցուցանիշի:

Ուսումնասիրության ամենակարևոր հատվածներից կարելի է համարել աշխատավարձերի մասին տվյալները: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այն կարող է և ոչ արժանահավատ գնահատվել: Քանի որ բոլոր իշխանություններն էլ համարյա «պարտադրում են» վիճակագիրներին լավ թվեր նկարել: Սակայն տեսեք՝ ինչ տարօրինակ փաստ է արձանագրել պաշտոնական վիճակագրությունը: 2008թ. միջին աշխատավարձը մոտ 61 հազար դրամ էր:

Պաշտոնապես այն տարեցտարի աճում էր: 2013թ. 94 հազարից հետո 2015-ին այն ցատկելով՝ դառնում է 122 հազար: Շատ ժամանակ չի անցել, հետևաբար՝ ցանկացած մարդ կարող է հիշելով համեմատել իր անձնական եկամուտի հետ: Համեմատել և համաձայնել կամ չհամաձայնել, որ 2014-ին իր (ու երկրի աշխատող բնակչության) եկամուտներն ավելացել են մոտ 25 տոկոսով: Բայց այս տեղեկատվությունն իր մեջ, հարկավ, օբյեկտիվ մաս ունի:

Տեսեք՝ 2015-ին միջին աշխատավարձի չափ հայտարարվում է 127 հազար դրամը: Այսինքն` թռիչք չկա: 2016-ին ևս թռիչք չկա` միջին աշխատավարձը մոտ 128 հազար է:

Իսկ այ, 2017թ. թռիչք արձանագրվել է, եթե, իհարկե, անկումը ևս թռիչք համարենք

: 2017-ի միջին աշխատավարձը երեք տարի առաջ արձանագրված վերելքի չափով նվազում է՝ դառնալով 103 հազար դրամ:

Այսինքն՝ բնակչության եկամուտ-աշխատավարձի այս ցուցանիշը, որ պաշտոնապես է արձանագրվել է, հստակ բացատրում է 2018-ին նախկին իշխանությունների հանդեպ հասարակական դժգոհության թե չափը, թե պատճառը:

Տնտեսագիտական վերուծություններով զբաղվող կամ տնտեսական բարեփոխումների ծրագրեր կազմող մասնագետները, հարկավ, այս ուսումնասիրության տարբեր հատվածներ կկարևորեն, բայց ես առաջարկում եմ դիտարկել «Երկրորդ զբաղվածություն» կոչված հատվածը: Եթե հիշում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաոչմիանշանակ ընդունված ելույթը հասարակության փոքրաքանակ աշխատող` «ճռռացող» մասի և նրանց մեծ ու մեծ պահանջարկ ներկայացնող չաշխատող մեծամասնության մասին էր:

Ըստ այս հետազոտության՝ մոտ 35 հազար մարդ երկրորդ զբաղվածություն ունի: Պարզ ասած՝ երկրորդ աշխատանք ունի: Տնտեսագիտության չափանիշերով երկրորդ զբաղվածություն համարվում է այն աշխատատեղը, ուր աշխատակիցն ավելի քիչ ժամանակ է անցկացնում, քան մյուսում:

Այս մյուս ասվածը համարվում է առաջին կամ հիմնական: Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ տնտեսագիտությունն առաջին և երկրորդ զբաղվածության վայր որոշում է ոչ թե՝ ստացած եկամտի չափով, այլ` ըստ ծախսած աշխատաժամանակի: Երրորդ զբաղվածություն ունեցողների 34-36 տոկոսը բարձրագույն կրթություն ունի:

Համարյա նույն ցուցանիշն ունի 45-54 տարեկանների խումբը: Երկրորդ աշխատատեղում «տժժացողների» 82 տոկոսն ամուսնացած (ասել է թե՝ ընտանիքի հոգս քաշող) մարդիկ են: Մեկ հետաքրքիր փաստ. երկրորդ աշխատատեղերից մոտ 10 տոկոսն է պետական, իսկ 9 տոկոսը ոչ պետական հատվածում է: Ասել կուզի՝ ոչ պետական հատվածն ավելի լիբերալ է, կամ ավելի ճկուն աշխատուժին ներկայացվող իր պահանջներում: Հնարավոր է, որ սա բնական է: Իսկապես դժվար է պատկերացնել, որ պետությունը «թույլ կտա», ասենք, որևէ նախարարության որևէ (պաշտոնական ցուցակում միջին և բարձր դիրք գրավող) աշխատակցի՝ երեկոյան ու գիշերը հացթուխ կամ հրշեջ աշխատել: Նույնիսկ օրենսդրական արգելքներ կան այս ոլորտում:

Արգելքների օրենքն ընդունելիս հավուր պատշաճի այն «արտագրվեց» արևմտյան օրենսդրությունից՝ առանց հաշվի առնելու, որ մենք պետությանը՝ որպես գործատուի, զրկում ենք որակյալ աշխատուժ վարձելու հնարավորությունից: Այն ժամանակ դա խոչընդոտ չէր: Հիմա, երբ փորձում ենք պետական պաշտոնյաներին կտրել սեփական, կամ ուրիշի բիզնեսին «տանիք աշխատելու» պրակտիկայից, այն լուրջ խոչընդոտ է դառնալու:

Մեկ հետաքրքիր փաստ ևս` ավելի բարձր եկամուտ (աշխատավարձ) ունեցողների տարիքը 25-44 է: Մինչդեռ երկրորդ զբաղվածություն ունեցողների հիմնական խումբը 45-54 տարեկաններն են:

Սա հետաքրքիր հակասություն է, որը վերլուծության կարիք ունի: Առանց բացատրության նման փաստի հրապարակումը ստվեր է ձգում սույն հետազոտության վրա:

Բերենք ևս մեկ փաստ, որ ամենևին էլ սեռային խտրականության մասին խոսողների սրտով չի: Հայաստանում պաշտոնապես արձանագրվում է մոտ 220 հազար գործազուրկ:

Գործազուրկ է աշխատանքային տարիքի տղամարդկանց 18 տոկոսը, իսկ կանանց` 17,5 տոկոսը: Ահա այսպիսի սեռային համապատասխան-համամասնություն աշխատանքային շուկայի ամենատխուր ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս