«Հայկ Կոնջորյանը սխալ բան չի ասել, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն ճիշտ չէ, որ իշխող ուժի պատգամավորը պետք է ասի»

«Կոնջորյանի դիտարկումն Իրանի ավտորիտար բնույթի մասին չի վերաճի դիվանագիտական սկանդալի ՀՀ-ի և Իրանի միջև»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, որը բուռն արձագանքների տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ անհաջող հայտարարություն է արել՝ Իրանը որակելով ավտորիտար երկիր: Նա նշել է, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է մի շարք հարցերի շուրջ հանրությանն իրազեկել ու յուրահատուկ կարծիքների գեներացման կենտրոն դառնալ: Նա հայտարարել է. «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել՝ որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:

Արմեն Վարդանյանն ասաց, որ Իրանը կոշտ ավտորիտար երկիր է, և Հայկ Կոնջորյանի տված որակումն Իրանին ամենևին էլ սուբյեկտիվ կարծիք չէ, քանի որ դա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականն է: Իրանագետը հիշեցրեց, որ ամեն տարի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակում են ժողովրդավարական երկրների ինդեքս, որում Իրանն անբարենպաստ դիրք է զբաղեցնում:

«Հայկ Կոնջորյանը սխալ բան չի ասել, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն ճիշտ չէ, որ իշխող ուժի պատգամավորը պետք է ասի: Այո, երբեմն պետք է նաև սուս մնալ: Իսկ հետագայի համար լավ կլիներ, որ հատկապես իշխանական պատգամավորները  հասկանան, որ իրենց յուրաքանչյուր անհաջող արտահայտություն կարող է շրջվել  ոչ միայն իրենց, այլև պետության դեմ: Ուստի կարծում եմ, որ իշխանությունը, դիվանագետները  պետք է աշխատանք տանեն իշխանական կուսակցության  պատգամավորների հետ, որպեսզի նրանք  այսուհետ ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում»,- ասաց Արմեն Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ Հայկ Կոնջորյանի տվյալ դիտարկումը չի վերաճի լուրջ դիվանագիտական սկանդալի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Նրա կարծիքով` իշխանությունները դա կորակեն՝ որպես մասնավոր կարծիք՝ պնդելով, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ:

«Էլի են եղել նման անհաջող հայտարաություններ, բայց չի վերածվել միջպետական սկանդալի»,- ասաց Վարդանյանը:

Իրանագետն ասաց, որ իշխող ուժը կարող է դեռ չշտապել  սրբագրել Կոնջորյանի խոսքերը՝ սպասելով արձագանքների Իրանից, քանի որ միգուցե Իրանից արձագանք չլինի: «Եթե շատ  կոշտ արձագանքներ կլինեն, պետք է  պարզաբանումներ մտցնել հնարավոր եղանակներով, այդ թվում՝ դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ ուղարկել: Իսկ եթե Իրանում ուշադրություն չդարձնեն, ապա կարիք չի լինի պարզաբանումներ ներկայացնելու: Վերջիվերջո, Իրանում էլ կան Մեջլիսի պատգամավորներ, որոնք ժամանակ առ ժամանակ հակահայկական հայտարարություններ են անում»,- ասաց նա:

Հ.Գ. Ավելի ուշ Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր ելույթում թույլ է տվել վրիպակ:

Տեսանյութեր

Լրահոս