Սպառնում են մեքենաներով մտնել Հանրապետության հրապարակ
2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի: Ավտոներկրողների փոխանցմամբ՝ հարկային մարմինները բոլորին զգուշացրել են, որ մինչև ապրիլի 15-ը տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն: Նրանք շեշտել են, որ շուկայական գնի 20 տոկոսը հարկվելու է: Օրինակ, եթե շուկայական գնով մեքենան արժե 5000 դոլար, 20 տոկոսն են պահանջելու՝ մոտ 800 դոլար:
«Մինչև չորեքշաբթի սպասելու ենք ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը: Եթե մինչ այդ տեղեկություն չլինի՝ հինգշաբթի բոլորս մեքենաներով մտնելու ենք Հանրապետության հրապարակ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը;
Միևնույն ժամանակ հաղորդեց, որ վարչապետից պահանջելու են նաև կադրային փոփոխություններ կատարել:
«Մաքսայինում անգրագիտություններ, ապօրինություններ են տեղի ունեում: Պահանջելու ենք ՊԵԿ նախագահի հրաժարականը, ինչպես նաև կադրային փոփոխություններ: Իսկ եկամտահարկի 20 տոկոսը չպետք է գանձվի, մաքսազերծման գներն էլ անհրաժեշտ է նվազեցնել, թանկացել են մոտ 30 տոկոսով»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նկատենք, որ ավտոներկրողները պնդում են, որ տեղյակ չեն եղել օրենսգրքում կատարված փոփոխությունից, խորհրդարանական ընտրություններից առաջ են տուգանքներ ստացել։ Նրանք պահանջում են, որպեսզի բոլորի տուգանքները ներվեն և նվիրատվություն կատարելու համար չսահմանվի 20% հարկ, ինչպես նաև խելամիտ գներ առաջարկեն, քանի որ բոլորն էլ դեմ չեն մտնել հարկային դաշտ:
Խնդրի հետ կապված ավելի վաղ հաղորդագրություն է տարածել նաև Պետական եկամուտների կոմիտեն՝ մասնավորապես նշելով.
«ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում: Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը:
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:
Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատարվում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների:
Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:
Հետևաբար` եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան:
Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված` ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում»:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ