Որն էր Կարագանդայում բռնկված հակահայկական տրամադրությունների իրական պատճառը․ հայացք Ղազախստանից
«Թույլ չենք տա ազգամիջյան կոնֆլիկտ Ղազախստանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ղազախ հասարակական գործիչ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Ռախիմ Օշակբաևը՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած հակահայկական տրամադրություններին։
Նա նշեց, որ Ղազախստանում տրամադրությունների լարվածությունը շատերին կարող է հենց ազգամիջյան կոնֆլիկտ թվալ։ Բայց, ըստ նրա, այդ իրավիճակի շուրջ բավականին ոչ միատարր միջավայր էր։ Օշակբաևի խոսքով, առաջին հերթին նրանք, ովքեր մեկնաբանում էին ստեղծված իրավիճակը սոցիալական ցանցերում, և նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց՝ տարբեր մարդիկ են։
«Առաջինները փորձում էին միավորներ հավաքել, երկրորդները՝ դժգոհություն էին արտահայտում երկրում վարվող տնտեսական և անվտանգության քաղաքականության վերաբերյալ։ «Հին Հռոմ» ռեստորանում հարբած ծեծկռտուքը վերածվեց կոնֆլիկտի, քանի որ մարդիկ չտեսան ուժային կառույցների արձագանքը, չստացան պարզաբանումներ։ Կասկածյալներից մեկն ընդհանրապես հայտնվեց մեկ այլ երկրում։ Ստացվում է, որ կարգախոսները չեն համընկնում իրական մոտիվացիայի հետ՝ սա արդարության պահանջ էր, որևէ մեկի կողմից հստակ չձևակերպվեց պահանջ, ուստի հեղեղվեց վիրավորվածների պահանջներով՝ պատժել մեղավորներին։
Ազգերի տարբերությունն ամենայն հավանականությամբ խթան դարձավ նման մասսայական դժգոհության համար։ Ղազախստանում ճնշող մեծամասնությունը բացարձակապես չի կիսում առանձին արմատական մարգինալների կողմից հնչեցվող քարանձավային՝ մեկ ազգի սկզբունքով հավաքական պատասխանատվության վերաբերյալ գաղափարները։ Ղազախստանը որպես երկիր՝ կանգնած է հավասար իրավունքների և յուրաքանչյուր քաղաքացու օրենքով պաշտպանվածության հիմնարար սկզբունքի վրա՝ անկախ նրա ազգությունից։ Յուրաքանչյուրը պատասխանում է իր գործողությունների համար՝ անկախ իր ազգությունից, և մենք թույլ չենք տա հրահրել ազգամիջյան հակամարտություն»,- նշեց ղազախ վերլուծաբանը։
Ըստ նրա, նման իրավիճակներից հնարավոր է խուսափել։ Ռախիմ Օշակբաևի կարծիքով, կայուն տրամադրությունները պայմանավորվում են նաև այն հանգամանքով, որ երկրում կա կանխատեսելի ազգային արժույթի կուրս, չկա կայուն գնաճ, և կա անվտանգության զգացում՝ տնտեսական և սոցիալական, չի լինի ոչ մի ազգամիջյան հակամարտություն այս դեպքում։ Նրա խոսքով, այս դեպքով մարդիկ դուրս հանեցին իրենց կուտակված լարվածությունը, հնարավոր է, որ նրանք նույնիսկ որոշ երաշխիքներ ստանան, որ գործը ինքնահոսի չի թողնվի, և կոռուպցիոն գործոնի միջամտություն թույլ չի տրվի։ Նրա դիտարկմամբ, իհարկե, նաև կոմունիկացիոն ճգնաժամ տեղի ունեցավ. կարելի էր խուսափել տեղի ունեցածից, եթե մամլո ծառայություններն ավելի ինքնուրույն գործեին: Նրա խոսքով՝ տեղի ունեցածի վերաբերյալ ամբողջական պաշտոնական տեղեկատվություն ստացվեց սպանությունից միայն մեկ շաբաթ անց։
«Այդ պատճառով միակ աղբյուրը սոցիալական ցանցերն էին այդ պահին և լցվեցին ինչ-որ ֆեյքերով և գործողությունների դիմելու կոչերով։ Մենք ականատես եղանք, թե ինչպես որոշ մարդիկ փորձեցին իրավիճակը շրջել հօգուտ իրենց։ Չի բացառվում, որ ճանապարհային տենդերների և սրճարանների վերանվանման պահանջները բիզնեսներ խլելու փորձեր էին։ Չգիտեմ՝ արդյոք ուժային կառույցները կգտնե՞ն այդ մարդկանց, բայց շատ անհրաժեշտ է, որպեսզի նրանք, ովքեր հրահրում էին սոցցանցերում նման տրամադրություններ, ստանան պատիժ։ Դա շատերին կսթափեցնի։ Նման դեպքերի համար Ղազախստանի քրեական օրենսգրքում կա 174 հոդվածը՝ «Ազգամիջյան, սոցիալական, ազգային, կրոնական թշնամանք հրահրելը»։
Հուսով եմ, որ մեղավորները կստանան արժանի պատիժ, և որևէ մեկը նրանց ոչ ադեկվատ պահանջները չի կատարի։ Այս իրավիճակն արմատապես փոխել և կրկնությունից խուսափել ևս հնարավոր է։ Նման դեպքերում կա երկու ռազմավարություն։ Կարճաժամկետ՝ կառավարության մաքսիմալ թափանցիկություն և որոշումների կայացման արագություն։
Երկարաժամկետ՝ անհասավարության հարթում, այդ թվում՝ օրենքի առջև, ադեկվատ տնտեսական և իրավական բարեփոխումներով, գաղափարների հետ աշխատելով, հասարակական տրամադրությունների մոնիտորինգով։ Շատ է ուրախացնում, որ Հայաստանի և Ղազախստանի կառավարությունները կարողացան արագորեն կոնտակտներ հաստատել։
Մեր ներքին գործերի նախարարը հանդիպեց դեսպանին, իսկ Նիկոլ Փաշինյանն ադեկվատ արձագանքեց տեղի ունեցածին և անմիջապես տեղի ունեցածին անհրաժեշտ երանգը հաղորդեց, չնայած մեզանից հեռու է և ավելի պակաս տեղեկացված, քան ղազախ հասարակությունը։ Սակայն կցանկանայի նաև նշել, որ հակամարտության բոլոր մասնակիցները՝ Ղազախստանի քաղաքացիները, և, եթե նույնիսկ նրանցից ոմանք էթնիկ հայեր են, այդպես անվանենք՝ մեր հայերը, մեր քաղաքացիները, պետք է պաշտպանվեն օրենքով և պատասխանատվություն կրեն ընդհանուր հիմունքներով»,- ասաց Ռախիմ Օշակբաևը։