«Հայաստանում խաղաղության մասին են խոսում, չի՞ կարելի նախևառաջ պահանջել, որ այդ մարդկանց վերադարձնեն». Լարիսա Ալավերդյան
Դեռևս 2018թ. նոյեմբերին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Նա ծնողներին փոխանցել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Հույս էր հայտնել, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես՝ ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին և կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Կարեն Ղազարյանի ծնողներն ու համագյուղացիները, հնարավոր է, նորից բողոքի ակցիա կազմակերպեն՝ իշխանություններից պահանջելով քայլեր ձեռնարկել իրենց որդուն վերադարձնելու համար։
«Տիկին Հակոբյանի այցից հետո մեր կազմակերպությունը չայցելեց Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչը, կարծում եմ՝ սխալ է, որովհետև, եթե մենք գնայինք ու իրավիճակը բացատրեինք, գյուղացիները փողոց դուրս չէին գա: Մենք երբևէ ավելի ոչինչ չենք խոստանում, քան կարելի է անել: Որոշել ենք սխալն ուղղել, գնալ ու հանդիպել համայնքի ներկայացուցիչներին: Բողոքի ակցիայի կրկնվելը հավանաբար պայմանավորված է այդ այցելությունից գյուղացիների ունեցած ակնկալիքների չիրականացմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հումանիտար օրենքի նորմերը սրբորեն կատարում է, գալիս է մի պահ, որ այդ քայլերը սպառվում են, այնինչ Ադրբեջանն իր դիրքորոշումներով անսասան կանգնած է:
«Այդպես էլ ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է այդ տղան հայտնվել Ադրբեջանում: Մենք ունենք կասկածներ, որ առևանգում են, և Ադրբեջանն ուղղակի որս է կազմակերպել հոգեկան առողջական խնդիրներ ունեցողների հանդեպ: Պետք է գյուղացիների հետ հանդիպենք ու հասկանանք, թե ինչպե՞ս է, որ անձը հայտնվում է սահմանից այն կողմ, եթե նույնիսկ չեն առևանգել: Այդպիսի դեպքերի կանխարգելման համար պետք է պայքարել: Հիմա քանի՞ հոգու հետ նման դեպք պետք է կրկնվի, որպեսզի մենք հասկանանք, որ կա գործող սխեմա՝ մշակված Ադրբեջանի կողմից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է Կարեն Ղազարյանի վիճակին՝ ՄԻՊ նախկին պաշտպանը նկատեց.
«Կարմիր խաչի բերած նամակներից ելելով՝ նրա վիճակը վատ չէ: Բայց անորոշության մեջ մնալը, ազգակիցների հետ շփումներից զրկված լինելը, միայն թշնամու ուժային ներկայացուցչին տեսնելը մեծ ազդեցություն է ունենում, անգամ ընկալվում է դաժանագույն խոշտանգում, նույնիսկ, եթե հատուկ ֆիզիկական միջամտություն տեղի չի ունեցել: Հայաստանում խաղաղության մասին են խոսում, չի՞ կարելի նախևառաջ պահանջել, որ այդ մարդկանց վերադարձնեն: Դա վստահության միջոցներից է: Իսկ գյուղացիներին կոչ կանեի չշարունակել այդ բողոքի ցույցերը, որովհետև ստացվում է՝ ճնշումն իրականացվում է հայկական իշխանությունների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները 2018թ. նոյեմբերի 17-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով բողոքի ակցիայի մասին՝ ասել էր.
«Կարենի ընտանիքի անդամներն են, գյուղացիներ: Շատ լավ մարդիկ են, սակայն իրենց թվում է՝ ինչ-որ բան կարող ենք անել ու չենք անում: Հստակ պահանջ իրենք էլ չեն կարողանում ձևակերպել, պարզապես ադրբեջանական հեռուստաընկերությունից լսել են, որ իբր Ադրբեջանը՝ առանց քննարկումների, մինչև նոյեմբերի վերջ Վրաստանի տարածքում գերիների վերադարձման առաջարկ է արել: Հայաստանը պաշտոնապես նման առաջարկ չի ստացել, որ քննարկվի: Եվ հետո, մեր խաղաղ քաղաքացիներն են այդ երկիր գերի, իսկ մեզ մոտ դիվերսանտներ են, որոնք դատապարտվել են սպանության համար»:
Նշենք, որ ՀՀ քաղաքացուն Ադրբեջանում առաջադրված է 5 մեղադրանք՝ կյանքի և առողջության, հանրային անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, հասարակական կարգի դեմ, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ գործելու հոդվածներով:
Անի Կարապետյան