«Նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը 158 հազար դրամ է, վաճառքի գինը սահմանվել է 160 հազար դրամ»
Նոր՝ 160 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ սարքավորումների ներդրումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դրական է գնահատում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հորդորեց դրանց գինը չհամեմատել այլ պետություններում ՀԴՄ-ների գների հետ, որովհետև «հաշվիչ դրամարկղային մեքենա» տերմինը պայմանական անվանում է, իրականում դա մի մեքենա է, որի հանդեպ կառավարության որոշմամբ սահմանվել են տեխնիկական պահանջներ և ցանկացած նման սարքավորում, ոչ միայն ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ի կողմից, կարող է ներմուծվել, միացվել համակարգին ու գործել.
«Այսինքն՝ այստեղ ազատականացվել է և չկա այդպիսի պահանջ, որ այնպայման պետք է ձեռք բերեն կոնկրետ այդ ՊՈԱԿ-ի ներմուծած մեքենան»:
Դ.Անանյանի խոսքով՝ նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը 158 հազար դրամ է, վաճառքի գինը սահմանվել է 160 հազար դրամ, օրենքով տրված է մինչև 2 տարի տարաժամկետ գրաֆիկով վճարելու համար, բայց որևէ պարտադրանք չկա, թե կոնկրետ որ մեքենան գնեն, ուղղակի այն պետք է ունենա ՀԴՄ-ի ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու գործառույթ, էլեկտրոնային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու, պոստերմինալի հնարավորություններ, նաև իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն.
«Բոլոր այն մեքենաները, որոնք այս տեխնիկական պահանջները կբավարարեն, կարող են բերվել և հարկային մարմնում գրանցվել ու օգտագործվել»:
Դ.Անանյանը նշեց, որ արդեն 10 ընկերության հետ պայմանագիր է կնքվել և նրանք կարող են միանալ համակարգին:
Նրա խոսքով՝ նախկինում գինն էժան է եղել միայն պետական սուբսիդավորման շնորհիվ, այժմ այդ սուբսիդիան չկա, միայն սահմանամերձերի համար 100% պետությունն է տրամադրում: