«Եթե գազի թանկացման քաղաքական ենթատեքստ կա, դա կապված է ԵԱՏՄ ներսում խնդիրների հետ». Վահագն Խաչատրյան
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համամիտ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնած մտքի հետ, որ գազի թանկացումը կապ չունի ներհայաստանյան քաղաքական իրադարձությունների հետ։ 168.am-ի հետ զրույցում Վ.Խաչատրյանը նշեց, որ, ըստ էության, եթե քաղաքական ենթատեքստ կա, դա կապված է ԵԱՏՄ ներսում խնդիրների հետ, որն առավել շատ կապ ունի Բելառուսի հետ։
«Բելառուսն ավելի լուրջ ակնկալիքներ ունի գազի գնի հետ կապված, ուզում է իրեն սահմանամերձ ռուսական շրջանների գնով վաճառվի, կամ նույնիսկ իջեցնի 125 դոլար։ Բելառուսի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ նկատելով, որ այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, քան Հայաստանի դեպքում, որովհետև նավթավերամշակման հարցեր կան, և այլն։
Վ.Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսվարողներն ու սպառողները լրացուցիչ բացատությունների կարիք ունեն թե՛ «Գազպրոմից» և թե՛ «Գազպրոմ Արմենիայից», որպեսզի կարողանան գնահատել, թե իրականում հետագայում ինչ է լինելու, արդյոք այդ 165 դոլար գնի դեպքում նույն վիճակի մեջ չե՞նք հայտնվի, ինչ 2013-ին, երբ գազի գնի բարձրացում էր եղել, բայց համոզում էին, որ չի եղել, թեև տարբերությունը շատ էական էր։
Նա հիշեցրեց, որ, երբ սահմանին գազի գինը 165 դոլարից դարձավ 150 դոլար, այդ ժամանակ սակագնի նվազում չեղավ, և բացատրեցին, որ «Գազպրոմ Արմենիան» ֆինանսական վիճակի բարելավման կարիք ունի։
Վ.Խաչատրյանը նշեց, որ մինչև 2018 թ. «Գազպրոմ Արմենիան» օգուտով չի աշխատել, իսկ 2018-ի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել, որպեսզի հնարավոր լինի դատել, թե ինչ շահույթի հաշվին պետք է ընկերությունը կարողանա իր վրա վերցնել այս թանկացումը.
«Սակայն պարտադիր չի, որ վնասով աշխատեն։ Իրենք ծախսերի օպտիմալացման խնդիր ունեն, և ՀԾԿՀ-ն պետք է իր խոսքն ասի։ Պետք է ամբողջական պատկերը հասկանալ»։
Նա նշեց, որ վերջես էլ կառավարությունում և ԱԺ-ում հանձնաժողովներ էին աշխատում, որ ուսումնասիրում էին գազի գինը, բայց այդպես էլ ամփոփ խոսք չասացին։ Ըստ տնտեսագետի՝ պետք է հասկանալ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը, աշխատավարձերը, որովհետև, ի վերջո, դա շուկայական ապարատ չի, այլ մենաշնորհային դիրք ունի։
Վ.Խաչատրյանի համոզմամբ՝ պետք է բարձրացվի 2013 թ. հայ-ռուսական գազային համաձայնագիրը, և առանց կողմնակալության պետք է հասկանալ՝ ինչու այդպես եղավ, որքանով է այն ՀՀ-ին ձեռնտու, որովհետև այն ժամանակ ՀՀ պետական պաշտոնյաներն այլ շահերով են առաջնորդվել։
Դիտարկմանը, որ Արծվիկ Մինասյանը պնդում է, որ այդ համաձայնագիրը մինչև օրս վավերացված չէ, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ ՀԱԿ խմբակցությունն իր տեսակետը հայտնել էր այդ կապակցությամբ, և այն այժմ էլ ուժի մեջ է. «Այդ խնդիրն օրակարգային պետք է լինի, որովհետև, հիշում ենք՝ ինչ խայտառակ քվեարկություն եղավ, և ինչպես էին շտապում վավերացնել այն»։
«Ցանկացած երկրի համար շուկայական տնտեսության պայմաններում կարևորագույն խնդիրն այլընտրանքի հարցն է, և, փաստորեն, այդ պայմանագրով գազի մատակարարման այլընտրանքից այդ ժամանակվա իշխանությունը զրկեց ՀՀ-ին։ Եթե մինչ այս Իրանից գազ բերելը թանկ կլիներ, բայց այժմ թանկացման դեպքում Իրանից գազ բերելը ձեռնտու կլիներ։ Այսինքն՝ այլընտրանքային հնարավորություն ունենք՝ հանձին Իրանի, որի գազային ռեսուրսներն աշխարհում առաջինը կամ երկրորդն են, բայց մենք մեզ այդ հնարավորությունից զրկեցինք այդ պայմանագրով։ Կարիք կա ամբողջական գնահատական տալ 2013 թ. հայ-ռուսական գազային համաձայնագրին և ավելի շահավետ լուծում գտնել 2 կողմերի համար»,- ասաց Վ.Խաչատրյանը։