«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները Կառավարության ներկայացրած նոր նախագծի հետ այնքան էլ համաձայն չեն
Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ, որտեղ ասվում է. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը և թվերը փոխարինել «որոնց ձեռք բերման համար վճարումները ՀՀ տարածք ներմուծողների կողմից կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և որոնք ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով»:
Նախագիծը ձևավորվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում: Հանրային քննարկումը կավարտվի հունվարի 13-ին, որից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ, և հաստատվելու դեպքում ներկրումը կթույլատրվի։
168.am-ի հետ զրույցում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն ասաց, որ քննարկումները տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին:
«Ներկա էին ներկայացուցիչներ ՊԵԿ-ից, Տրանսպորտի նախարարությունից, Ճանապարհային ոստիկանությունից: ՊԵԿ ներկայացուցիչն ասաց, որ պետք է մեքենաների ձեռքբերման ամբողջական վճարման կտրոն լինի: Այսինքն, քանի որ մենք մասնակի ենք վճարում, սկզբում՝ 30, ապա՝ 70 տոկոսը, հիմա մարդիկ ասում են՝ մեզ ներկայացրեք ամբողջական վճարման կտրոն, որը մեքենան ձեռք բերելու հիմքը կհանդիսանա: Եթե այդ տարբերակով է նախագիծը ներկայացվում, ուրեմն մեզ ձեռնտու չէ: Շատ մեքենաներ ունենք, որոնց համար ամբողջական վճարումները չենք կատարել, մասնակի է արված: Ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ ընթացակարգով է արվելու:
Ասենք թե՝ ես մեքենան ներմուծեցի Հայաստան, գնացի Մաքսային ծառայություն, ի՞նչ փաստաթղթեր եմ իրենց ներկայացնելու: Այս մասով մի քիչ ճշտումներ պետք է արվեն: Քննարկման ժամանակ խոսակցություն գնաց նաև նրա մասին, որ մեքենայի սեփականատերն ու բանկի վճարման կտրոնը մեկ մարդու անուն պետք է լինեն: Եթե այսպես լինի՝ շատերը կտուժեն, որովհետև մարդիկ մեքենաներ հիմնականում ձեռք են բերում ֆիրմաներից, որոնք իրենց անունով են մեքենաները ստանում, փոխանցումներն իրենց անունով են արվում: Այս մասով անհամաձայնության ենք եկել»:
Ինչ վերաբերում է հայ-վրացական սահմանում գտնվող աջ ղեկով մեքենաներին, ապա «Ղեկը աջ» նախաձեռնության անդամի փոխանցմամբ՝ դրանք դեռ չեն բերել. «Եթե բերենք՝ ղեկը պետք է փոխենք, սարքենք ձախ, դրա համար չենք բերում: Այժմ մեքենաների թիվը մոտ 500 է»,- նշեց Դավիթ Գասպարյանը:
Անի Կարապետյան