«Այնպես չէ, որ պարոն Բագրատյանի հետ լիովին համաձայն ենք, բայց…». Էդուարդ Աղաջանյան

«Կառավարության գործունեության և կառուցվածքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, այլ միայն արտահոսքի արդյունքում է հայտնի դարձել լայն հանրությանը, արդեն իսկ խիստ քննադատությունների թիրախ է դարձել։ Նախարարություններից շատերը շուտափույթ կառավարություն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ իրենց առաջարկները, իսկ ավելի ճիշտ՝ իրենց դժգոհությունները։

Տնտեսագետներն ու վերլուծաբանները բազմաթիվ հարցեր են հնչեցնում՝ ինչո՞ւ է կառավարությունը դա անում, ի՞նչ հարց է լուծում, ինչո՞ւ է շտապում, ինչքա՞ն մարդ է գործազուրկ դառնալու, և այլն։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, գտնում է, որ կառավարությունը ոչ միայն պետք է ասեր՝ քանի նախարարություն է թողնում, այլ պետք է հրապարակեր կազմակերպական աղյուսակները, և, եթե ցանկանում է 15-20 մլրդ դրամ տնտեսել, ի վերջո, ազատված մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդրի վրա ավելի շատ է ծախսելու։ Նա անթույլատրելի և աբսուրդ է համարում ֆունկցիոնալ նախարարությունը միացնել արտադրական նախարարությանը, ինչպես, օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, սակայն, նախագծի քննադատություններին հանգիստ է վերաբերվում։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրանով էլ այն նախագիծ է, վերջնական տարբերակ չէ։

«Այնպես չէ, որ պարոն Բագրատյանի հետ լիովին համաձայն ենք, բայց նախագիծը դրված է շրջանառության, որպեսզի բոլոր գերատեսչություններից մենք համապատասխան կարծիքներ ստանանք, և այդ կարծիքներն ամենևին ֆիկտիվ բնույթ չեն կրելու։ Սա վերջնական որոշում չէ, սա նախագիծ է ընդամենը, և, բնականաբար, բոլոր գերատեսչություններից ստացված կարծիքները, դիտողություններն ու առաջարկները կքննարկվեն, հաշվի կառնվեն։ Արձանագրենք, որ այս պահին վերջնական որոշում կայացված չէ, դա երկարատև պրոցես է, և որոշված է, որ դրա միջով մենք պետք է անցնենք։

Թե ինչքան կտևի, այդ տեսակետից մենք որևէ սահմանափակում չունենք, մեզնից պահանջված ամբողջ ժամանակից կօգտվենք, որպեսզի առավել հիմնավոր ու փաստարկված որոշում կայացնենք, որպեսզի հանրության համար ևս պարզ լինի, թե մենք ինչ արեցինք, դրա արդյունքում ինչ կորցրեցինք և ինչ ձեռք բերեցինք։ Ու դա պետք է լինի առավել պարզ ու հասանելի հասարակության համար»,- ասաց Է.Աղաջանյանը։

Հարցին՝ այսինքն՝ շտապողականություն չկա՞, նա պատասխանեց, որ, եթե մինչև որոշումը կայացնելը չունենան բոլոր հիմնավոր փաստարկները, թե ինչո՞ւ են դա անում, ո՞ւր են գնում, արդյոք կա՞ն հաշվարկներ դրա տակ, թե՞ ոչ, չունենան բոլոր հարցերի պատասխանները, չեն պատրաստվում գնալ այդ լուծման. «Եթե մենք մինչև ԱԺ գալիք նիստ հասցնենք այդ բոլոր հարցերի պատասխանները գտնել և հանրությանը ներկայացնել, շատ հնարավոր է, որ մինչև առաջին նիստ դա տեղի ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս