«Հայաստանը Վրաստանի կառավարության որոշման վերաբերյալ իր խնդիրները պետք է ձևակերպի և բանակցի». Ցինցաձե
«Հուսանք, որ Հայաստանին և Վրաստանին բավարարող որոշում կընդունվի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Վրաստանի կառավարության որոշմանը, համաձայն որի՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումն արգելվելու է, որը Հայաստանում, ըստ որոշ գնահատականների, գնաճի կհանգեցնի:
Հիշեցնենք, որ այդ ճանապարհով Հայաստանը ցորեն է ներկրում Ռուսաստանից: Ըստ մասնագետների՝ ծովային ճանապարհով անասնակերի և հացահատիկի ներկրումից կթանկանա ալյուրը, թռչնամիսը և մի շարք այլ սննդամթերքներ: Վրաստանի կառավարության տվյալ որոշումը հետաձգվել էր մինչև հունվար:
Սոսո Ցինցաձեն ասաց, որ այս որոշումը վերաբերում է՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ բոլոր այն երկրներին, որոնք նման ճանապարհով բեռնափոխադրումներ են իրականացնում, այդ թվում՝ Վրաստանին: Նրա խոսքով, սա քաղաքական որոշում չէ: Դրա նպատակը, ըստ նրա, ճանապարհների «երկարակեցության» ապահովումն է, քանի որ այդ բեռնափոխադրումները մաշում են ճանապարհները և ծախսերի պատճառ դառնում նաև:
«Հասկանալով խնդրի կարևորությունը Հայաստանի և մյուս հարևան երկրների համար` Վրաստանը մի քանի անգամ հետաձգել է այս հարցի քննարկումը: Եթե կան մտավախություններ, կարծում եմ` պետք է բանակցություններ տեղի ունենան, և փոխզիջումային որոշումներ կայացնեն: Կարծում եմ` հանգամանքը, որ Վրաստանի կառավարությունը սեպտեմբերից սկսած հետաձգել է այս հարցի լուծումը, ցույց է տալիս, որ Վրաստանը հասկանում է խնդրի կարևորությունը Հայաստանի և մնացած երկրների համար: Ես տեղեկություն չունեմ` արդյոք ներկայումս որևէ բանակցություն տարվո՞ւմ է, թե՞ ոչ:
Սակայն, եթե հետաձգվել է որոշման կայացումը, նշանակում է՝ կա որոշակի աշխատանք: Ըստ իս, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, հնարավոր է գտնել բեռնափոխադրման այնպիսի տարբերակներ, որոնք Հայաստանում տնտեսական դժվարություններ չեն ստեղծի: Ուստի պետք է Հայաստանը ձևակերպի այդ խնդիրները Վրաստանի կառավարության հետ, կարծում եմ` որևէ խնդիր չի լինի, պետք է բանակցությունները շարունակվեն:
Հաշվի առնելով Հայաստանում ծավալված ընտրական գործընթացները, գուցե այս հարցի քննարկումները հետաձգվել են մինչև այս ժամանակաշրջան, հուսանք, որ Հայաստանին և Վրաստանին բավարարող որոշում կընդունվի, գուցե ցավոտ փոփոխություն լինի, սակայն Վրաստանը որոշ արտոնություններ կսահմանի երկաթուղային ճանապարհով հացահատիկի փոխադրման համար: Գիտեմ, որ սա առանցքային հարց է Վրաստանի համար, և դիտարկվում է հարցը, որպեսզի փոփոխությունները հնարավորինս անցավ լինեն հարևան երկրների համար»,- ասաց նա: