Բաժիններ՝

Ի՞նչ գաղտինքներ է պարունակում «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը. այն վերահրատարակվել է 130 տարվա ընդմիջումից հետո

Վերջերս իմ և ընկերներիս աջակցությամբ ավելի քան 130 տարվա ընդմիջումից հետո միջին հայերենից վերածվել է արդի հայերենի և վերահրատարակվել (առաջին անգամ տպագրվել է 1886թ.-ին, Սանկտ Պետերբուրգում) «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պատմագրության հեղինակը, ըստ գրքի առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի, Աբրահամ Բեկնազարյանցն է, ում թելադրածը գրի է առել որդին՝ Ապրես Բեկնազարյանցը. նրանք ծնունդով ներկայիս Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից են:

«Օգտվելով հանգստյան օրերին ունեցածս ազատ ժամանակից, որոշեցի այն կարդալ և պետք է ասեմ, որ հեղինակը գրքի միջոցով լույս է սփռում մեր երկրամասի պատմական կարևոր և հույժ գաղտնի տեղեկությունների վրա: Հատկապես հետաքրքրական էր ծանոթանալ Արցախի հայ մելիքների քաղաքական նկրտումներին, տնտեսական կապերին, հայ կաթողիկոսների ու մելիքների ունեցած գաղտնի հարաբերություններին՝ Ռուսական կայսրության քաղաքական և զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև պարսից շահերի և նրանց արքունի կապերին՝ Այսրկովկասի խաների հետ և այն: Ու այդ ամենը՝ գրեթե արխիվային փաստաթղթերի ու նամակների տեսքով…

Բնականաբար, ինչպես ենթադրվում է, հետաքրքիր նյութերի և նորությունների պակաս չկար, բայց որպեսզի գրքի հանդեպ հանրային հետաքրքրությունը չպակասի, առայժմ կանդրադառնամ միայն Արցախի մելիքական տոհմերի ծագումնաբանության մասին տեղեկատվությանը, որը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի:

Ըստ հեղինակների՝ Արցախի մելիքական բոլոր հինգ տոհմերը՝ Մելիք-Բեգլարյանները (Գյուլիստան), Մելիք-Իսրայելյանները (Ջրաբերդ), Հասան-Ջալալյանները (Խաչեն), Մելիք-Շահնազարյանները (Վարանդա) և Մելիք-Եգանյանները (Դիզակ) բնիկներ են, ինչը օրինակ հակասում է «Խամսայի մելիքություններ» աշխատության մեջ հայ մեծ վիպասան Րաֆֆիի այն պնդմանը, որ Արցախի մելիքներից ծագումով տեղացի է եղել միայն Հասան-Ջալալյանների տոհմը: Ավելին, նրանք Բուն Աղվանից հայոց վերջին թագավոր Գրիգորի (11-րդ դար) երեք որդիների՝ Սմբատի, Վախթանգի և Վասակի սերունդներն են:

Որպես ասածիս հավաստում՝ «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից մեջբերեմ մի հատված. «…Որովհետև Ղարաբաղը Աղվանից երկրի մի մասն է կազմում, և հինգ մելիքներն Աղվանից թագավորների՝ հետագայում իշխող սերունդներն են, իբրև բազմադարյա սեփականություն՝ այդ երկրի հողերը կտակել են հինգ ժառանգորդ մելիքներին, որդոց որդի տեր և իշխան կարգելով…»: Իսկ Աղվանից հայկական թագավորության ակունքները, ինչպես գիտենք, սկսվում են վաղ միջնադարից»,- նշել է Ա. Հարությունյանը և ավելացրել, որ պատմաբաններն ու ուսումնասիրողները, իսկապես, անելիք ունեն այդ հարցում, հատկապես, որ այդ մելիքական տոհմերի ժառանգներն այսօր էլ շարունակում են ապրել Արցախում և Մայր Հայրենիքում՝ յուրօրինակ կապ հանդիսանալով մեր ներկայի ու անցյալի միջև:

Գրառման մեջ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը սեփական պատմության մասին վավերագրական ավելի խորը տեղեկություններ փնտրողներին խորհուրդ է տվել գիրքն անպայման ընթերցել, ընդգծելով, որ այն շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս