1000 դրամները չվճարողները չե՞ն պատժվում
Օրեր առաջ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել տարբեր խոշոր գործարարների կողմից աշխատատեղերի հետ կապված մանիպուլյացիաների մասին։
Նա նշել էր, որ աշխատատեղը դարձել է պոպուլիստական այն «ոսկյա բանալին», որը կամ ուռճացվում է, երբ պետք է պետությունից սուբսիդիա, հարկերի հետաձգում կամ այլ աջակցություն ստանա, կամ էլ փոքրացվում է, երբ պիտի մտնի ստվեր ու քիչ հարկ տա։ 1000plus.am կայքի միջոցով նա աշխատատեղերի այդ «տատանումների» օրինակներ էր ներկայացրել։ Կայքը հնարավորություն է տալիս ընկերության տվյալները մուտքագրել և տեսնել, թե քանի աշխատողի համար են վճարել 1000-ական դրամները։
Մեր պրպտումների արդյունքում որոշ հայտնի ընկերությունների աշխատակիցների քանակը խիստ կասկածելի թվաց, օրինակ՝ իշխանական շրջանակներին պատկանող ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող մի ընկերությունում ընդամենը 4 գրանցված աշխատակից կա, օլիգարխիկ պատկանելությամբ ընկերություններից մեկում պարբերաբար աշխատակիցների քանակի կտրուկ փոփոխություններ են լինում, իսկ ընդհանրապես, հեղափոխությունից հետո ակնհայտ երևում է չգրանցված աշխատակիցների ստվերային դաշտից դուրս բերելու, այսինքն՝ գրանցելու փաստը, և այլն։
1000-ական դրամների՝ դրոշմանիշային վճարների վերահսկողությամբ զբաղվում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք՝ եթե որևէ ընկերություն չի փոխանցում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում, և խնդրեցինք հնարավորության դեպքում նշել պատասխանատվության ենթարկված ընկերությունների անուններ։
Ի պատասխան մեր հարցման՝ ՊԵԿ-ից պատասխանեցին, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, նույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին):
Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:
Ընդ որում` ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
«Հարկային մարմինը դրոշմանիշային վճարների պարտավորությունների կատարման ուղղությամբ գործողությունները իրականացնում է օրենքով սահմանված կարգով` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում»,- հավաստել է ՊԵԿ-ը՝ հարկ չհամարելով նշել որևէ անպարտաճանաչ ընկերության անուն։