«Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից». Հայաստանում գործող ռեստորանները պատրաստվում են մեկ օրով գործադուլ անել
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հայաստանի բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ. «Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր ու տնտեսության բնականոն զարգացման վտանգի ահազանգ»,- նշվում էր Ռեստորանների Հայկական Միության տարածած հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների հետ զրույցում Ռեստորանների Հայկական Միության համակարգող Աշոտ Բարսեղյանն նշել է, որ ռեստորանների վրա հարկային բեռի ավելացում է սահմանվել՝ մոտ 5-6 անգամ, ինչի պատճառով արդեն իսկ բարձրացել են սպասարկման գները. «Օրենսգրքով նախատեսված է, որ այժմ սահմանված 6 տոկոս շրջանառության հարկը 2019-ին ավելանալու է 2 տոկոսով՝ դառնալով 8 տոկոս, իսկ 2020-ին ևս 2 տոկոսով։ Այսինքն՝ 2 տարի անց ռեստորանները ստիպված կլինեն վճարել արդեն 10 տոկոս շրջանառության հարկ»։
Աշոտ Բարսեղյանը հայտնել է նաև, որ այս դրույթի փոփոխման ու հարկային բեռի հետագա ավելացումը կանխելու նպատակով միությունը բազմիցս դիմել է Կառավարություն, ՊԵԿ, Ֆինանսների նախարարություն, բայց կողմերը համաձայնութան դեռևս չեն հասել. «Արդեն տարի ու կես է կառավարության հետ փորձում ենք համաձայնության գալ, բայց անօգուտ: ՊԵԿ գործողությունները կտրված են իրականությունից, հեռու են բիզնեսի շահերից, ծնում են բազմակի դժգոհության առիթներ, որովհետև նման գործելաոճով նվազելու է ներքին սպառումը: Բազմիցս դիմել ենք ներկա իշխանություններին, բայց նրանք վստահ են, որ իրենց թվերը ճիշտ են, սակայն բազմիցս ապացուցել ենք, որ այս ոլորտում այդքան եկամուտ չի գոյանում»: