50-ֆունտանոց թղթադրամների վրա առաջարկել են պատկերել Մարգարեթ Թեթչերին կամ Սթիվեն Հոքինգին
Բրիտանացիներն Անգլիայի բանկի մրցույթի շրջանակներում գրեթե հազար հայտնի հայրենակիցների են առաջարկել պատկերել 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով նոր թղթադրամների վրա։
992 մարդուց բաղկացած ցուցակում հիշատակվում են ֆիզիկոս եւ տիեզերագետ Սթիվեն Հոքինգը, մաթեմատիկոսներ Ադա Լավլեյսը եւ Ալան Թյուրինգը, կենսաֆիզիկոս Ռոզալինդ Ֆրենքլինը, ինչպես նաեւ քիմիկոս Դորոթի Հոջքինը եւ նրա հետ աշխատող Մարգարեթ Թեթչերը, որը հետագայում առաջին կինը դարձավ Մեծ Բրիտանիաի վարչապետի պաշտոնում:
Հոկտեմբերին Անգլիայի բանկը հաստատել է 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով նոր թղթադրամների թողարկման պլանները, որոնք վերջինը կդառնան նորացված անվանական արժեքով այն թղթադրամների շարքում, որոնք տպվել են պոլիմերային նյութի վրա: Անգլիայի բանկը մտադրվել է հարգել բրիտանացի գիտնականների հիշատակը: Մրցույթի ընթացքում ընդունվել են իրապես գոյություն ունեցած անձանց թեկնածություններ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել գիտության զարգացման գործում եւ արդեն մահացել են:
Հետագայում ընտրությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն: Վերջնական որոշումը կհայտարարվի 2019 թվականի ամռանը:
Այժմ 50 ֆունտ անվանական արժեքով թղթադրամների վրա կարելի է տեսնել բրիտանական արդյունաբերական հեղափոխության հայրերին՝ անգլիացի Մեթյու Բոլթոնի եւ շոտլանդացի Ջեյմս Ուաթի դիմանկարները:
Սպասվում է, որ նոր սերնդի 50-ֆունտանոց թղթադրամները շրջանառության մեջ կհայտնվեն արդեն 2020 թվականից հետո, երբ Անգլիայի բանկը կթողարկի նոր 20-ֆունտանոց թղթադրամը՝ բրիտանացի ծովանկարիչ Ուիլյամ Թյոռների դիմանկարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: