Հյուր կգա շուտով ձմեռ պապին
Մեր երկրի տնտեսական կյանքը խաղաղ է: Համարյա ոչինչ չի կատարվում: Սա մի կողմից՝ բնորոշ է նախատոնական շրջանին: Նախորդ տարիներին էլ նույն «հանդարտությունն» էր: Մի տարբերոթյամբ միայն: Նախատոնական օրերին ազգային վճարամիջոցը «տկարանում» էր տարադրամի հանդեպ:
Հետտոնական օրերին ևս պահպանվում էր նույն միտումը: Այս տարի նման գործընթաց չեղավ: Սա, իհարկե, դրական երևույթ է, և հունվարին երկրի ֆինանսական իշխանությունների առջև խնդիր չի դրվի «տիտանական» ջանքերով կանխել սղած-գնաճ-արժեզրկում կոչվածները:
Այս նախատոնական օրերին էլ, նախկինի նման, տնտեսական հիմնական թեման գնաճն է: Ձվի ու մսի թանկացումը ոչ բնորոշ չես համարի: Միշտ էլ եղել է: Պատասխանատուները (իշխանություններ, արտադրողներ, առևտրային խոշոր ցանցեր)՝ նախկինի նման, համարյա միաբերան պնդում են, որ նման բան չկա:
Իսկ, եթե կա էլ` խոստանում են արագ շտկել իրավիճակը: Վստահ եմ` այս տոնական առևտրի ավարտից հետո էլ գները դանդաղ կվերադառնան նախատոնական սանդղակ-ցուցանիշներին: Նախորդ տարիների նման:
Ազգային վիճակագիրներն էլ հունվար-փետրվարին գնանկում արձանագրելու հնարավորություն կունենան: Բայց այնպես չէ, որ նրանք հունվար-փետրվար ամիսների տվյալների հույսին են մնացել:
Մեր վիճակագիրներն արդեն հրապարակել են «Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները» դեկտեմբերի 20-ի դրությամբ: Պաշտոնապես վիճակը նախանձելու աստիճան կայուն է: Միայն առանձին փորձագետներ են կարդացել այդ հրապարակումն ու, ընդհանուր դրական տենդենցները չնկատելով, իրենց ուսումնասիրության կամ զբաղմունքի ոլորտների բացասական երևույթներից են խոսում:
Հատկապես բարձր ու շատ խոսում են գյուղատնտեսության մասին: Պարզվում է՝ ոլորտն այս տարի աննախադեպ անկում է գրանցել: Աճի փոխարեն: Աննախադեպ ասածն էլ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, ութ տոկոս է: Գիտեք` դժգոհությունը որպես գործընթաց վարակիչ երևույթ է հասարակական կյանքում: Հիմա դժգոհություն են հայտնում գիտնականները:
Այն պահին, երբ 2019-ի պետբյուջեն էր քննարկվում, այս թեման կարծես հրատապ չէր: Իսկ հիմա Բյուրականի աստղադիտարանի տնօրենը մամուլի միջոցով հասարակության ու իշխանության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ մեր պետությունը բավարար ուշադիր չէ գիտության հանդեպ:
Ըստ նրա՝ Հայաստանում արձանագրվում են գիտության ֆինանսավորման ամենավատ ցուցանիշները` աշխարհի մասշտաբով: Գիտությունը մեր երկրում ֆինանսավորվում է ՀՆԱ-ի քառորդ տոկոսի չափով: Մինչդեռ ընդունելին մոտ երկու տոկոսի չափով ֆինանսավորումն է: Արդյունքում, ըստ մեր գիտնականների՝ Հայաստանում իրենց միջին աշխատավարձը զիջում է երկրում պաշտոնապես արձանագրվող միջին ցուցանիշներին: Եթե թվերը ճիշտ են, ապա իսկապես գիտաշխատողների աշխատավարձը համարյա կրկնակի պակաս է երկրում արձանագրվող միջինից:
Եվ դրանով էլ բացատրվում է այն փաստը, որ մեկ-երկու տարի առաջ գիտական աստիճաններ ստանալու հավակնում էին հիմնականում պետական պաշտոնյաներ:
Տոնական առևտրի ավարտական օրերին երկար սպասված ու «խրոխտ» հայտարարությամբ հանդես եկավ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Դեկտեմբերի 26-ի հայտարարությունից պարզ դարձավ, որ այս հանձնաժողովում տեղյակ են, որ ամանորյա տոների շրջանում «մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր»:
Կարճ ասած, հանձնաժողովը որոշել է շաբաթական երեքանգամյա մոնիտորինգից անցնել ամենօրյայի: Անցնում ու խոշոր-գերիշխող տնտեսվարողներին սպառնում է՝ պահանջելով չխախտել մրցակցային կանոնները: Ճիշտ ու տրամաբանական հայտարարություն է: Ափսոս, որ մի քիչ ժամանակավրեպ է:
Սպառողների մեծ մասն արդեն հասցրել է անել իր նախատոնական առևտրի զգալի մասը: Հուսանք, որ սույն հանձնաժողովը չի մոռանա իր կենսափորձն ու նմանատիպ մոնիտորինգ եկող տարի գոնե մի շաբաթ ավելի շուտ կսկսի:
Սա ընդունեք՝ որպես խնդրանք, ոչ թե՝ առաջարկություն: Այլապես, գործող աշխատանքային օրենսդրության համաձայն՝ սույն հանձնաժողովը եկող տարի պետբյուջեից «կպահանջի» իր աշխատակիցներին կրկնակի վճարել ամենօրյա և հանգստյան-տոնական օրերի մոնիտորինգի համար:
Այդ մոնիտորինգ ասածը՝ գնաճի կամ մրցակցային կանոների խախտման գծով, հնարավոր է՝ արդյունք չտա: Սակայն բյուջեն պարտավոր կլինի պահպանել կրկնակի վճարելու օրենսդրական պահանջը:
Այս ամենից զատ, ամանորյա տնտեսական տեղեկատվությունից ամենասպասվող լուրը գազի գնի հնարավոր փոփոխություններն են: Բայց այդ մասին ստույգ բան իմանալու համար որոշ ժամանակ սպասել է պետք: Ռուսաստան-Բելառուս հանդիպման մասին ևս կոնկրետ տվյալներ չկան: Ակնկալիքներ ունեցողներին միայն մի բան կարելի է խորհուրդ տալ՝ սպասենք: Բոլոր դեպքերում «հյուր կգա շուտով Ձմեռ պապին»: