Բաժիններ՝

Բեռնի Սանդերսը պատմել է, թե ով է խոչընդոտում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը

Անկախ սենատոր, 77-ամյա Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների մի մասն իրեն վարկաբեկելու արշավ է սկսել՝ կանխելու երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումը։

«Հենց հիմա Ուոլ Սթրիթից դեմոկրատների խումբը, որը հայտնի է որպես «Երրորդ ուղի», գովազդային արշավ է գործարկում այն նահանգներում, որտեղ վաղ է անցկացվում քվեարկությունը փրայմերիզներում՝ Այովայում, Նյու Հեմփշիրում, Հարավային Կարոլինայում եւ Նեւադայում՝ անվանարկելով ինձ ու պնդելով, որ մեր գաղափարները, ինչպես, օրինակ, բուժօգնությունը բոլորի համար, պարտության տանող ճանապարհ է 2020 թվականին»,-գրել է Սանդերսը իր կողմնակիցներին հասցեագրված նամակում:

Նա պարզաբանել է, որ գրոհն ուղղված է ոչ միայն անհատապես իր դեմ, այլեւ ամբողջությամբ վերցված «առաջադիմական գաղափարների» դեմ, որոնց տակ ԱՄՆ-ում հասկացվում է ամենից առաջ սոցիալապես կողմնորոշված ներքին քաղաքականությունը: Նրա կարծիքով, նման գրոհների հետեւում երկրի «քաղաքական, ֆինանսական եւ մեդիական էլիտան է»:

«Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե արդյոք իմ թեկնածությունը կառաջադրեմ 2020 թվականի նախագահական ընտրություններում, ես պատասխանում եմ, որ եթե ես լավագույն թեկնածուն լինեմ Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար, ապա ես, հավանաբար, կառաջադրեմ իմ թեկնածությունը… Ես չԷի սպասում, որ այդ ագրեսիվ գովազդը կսկսվի նախքան ես կկայացնեմ (ընտրություններին մասնակցելու) իմ որոշումը»,-նշել է սենատորը:

Մի շարք սոցհարցումների համաձայն, Սանդերսն իր ժողովրդականությամբ ներկայում դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի հնարավոր թեկնածուներից երկրորդն է՝ զիջելով նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Կուսակցություններից թեկնածուների ընտրության շուրջ փրայմերիզները կսկսվեն 2020 թվականի փետրվարին եւ կշարունակվեն մինչեւ հունիս ամիսը ներառյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս