Հայրավանքի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած անձինք բացել են իրենց փակած ճանապարհը
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մի խումբ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 28-ի ժամը 12-ից փակվել էր Սեւան-Վարդենիս մայրուղին՝ Հայրավանք գյուղի հատվածում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բողոքի ակցիայի կազմակերպիչները, իրենք ճանապարհը փակել են՝ պահանջելով ազատ արձակել Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին, ով կալանավորված է։
Առաջին ատյանի դատարանը նրան ազատ է արձակել հանցակազմի բացակայության պատճառով, սակայն Վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը, եւ նրա նկատմամբ կրկին կալանք է կիրառվել։
Բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզի իրավապահ համակարգի ղեկավարներ: ՀՀ ոստիկանության Գավառի բաժանմունքի պետ Արայիկ Քոչարյանի հավաստմամբ՝ տեւական բացատրական աշխատանքից հետո բողոքի ակցիայի կազմակերպիչները ժամը 16:45-ին բացել են ճանապարհը:
Խոսրով Խլղաթյան