Բաժիններ՝

Թրամփն սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատները հրաժարվեն պաշտպանել պատի նախագիծը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը։

«Մեզ կստիպեն ամբողջովին փակել հարավային սահմանը, եթե օբստրուկցիոնիստ դեմոկրատները մեզ փող չտան ավարտելու պատի կառուցումը եւ փոխելու ծիծաղելի ներգաղթային օրենքները, որոնք բարդել են մեր երկրի վրա»,-գրել է Թրամփը Twitter-ում:

«Դժվար է հավատալ, որ կարող են լինել այնպիսի Կոնգրես ու նախագահ, որոնք հավանություն կտային նման օրենքներին»,-նշել է նա:

Թրամփը պատրաստվում է արգելապատ կանգնեցնել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի լուծի անօրինական գաղթի խնդիրը: Այդ օբյեկտի կառուցման համար բյուջեից պահանջվում է 5,7 մլրդ դոլար, սակայն ԱՄՆ-ի Սենատը հրաժարվել է բյուջեն հաստատել արգելապատի կառուցման ծախսերի հաշվառմամբ: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահն իրականացրել է կառավարության աշխատանքի մասնակի կասեցման սպառնալիքը, եթե ինքը չհասնի Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման հավանությանը:

ԱՄՆ-ի ֆեդերալ հիմնարկությունների մի մասի աշխատանքը կասեցված է դեկտեմբերի 22-ից: Սպիտակ տանը չեն բացառել, որ նման «շաթդաունը» կարող է շարունակվել առնվազն մինչեւ հունվարի 3-ը, երբ աշխատանքը կսկսի նոր գումարման Կոնգրեսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս