Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով:
Համակողմանի ուսումնասիրության և հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը և դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջև հարաբերությունների և քրեակատարողական համակարգի վրա:
Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ պայմանների բացառման, ենթամշակույթի ազդեցության նվազեցման և դրա տարածման կանխարգելման հնարավոր ուղիները, ներկայացնել խնդիրների լուծմանն ուղղված համալիր առաջարկություններ:
Հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.
- ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
- քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
- ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
- ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
- քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններ:
Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:
Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:
Կարևորում ենք այս հարցերում Արդարադատության նախարարության դիրքորոշումը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ ձևավորված համագործակցության որակը:
Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։