Բաժիններ՝

Երեխան դուռը բացել է, որ գնա հաց գնելու,  ոստիկանները ներխուժել են բնակարան, վնասվածքներ հասցրել մորը

2018 թվականի դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի  աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ, վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հայտնվելով հիվանդանոցում:

«2018 թվականի դեկտեմբերի 26-ին փաստաբանի օգնությանն է դիմել Ռուզաննա Պողոսյանը, ով հայտնել է, որ ունի դատական գործընթաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դրա շրջանակներում դատավարական կողմը դիմել է ոստիկանություն, և  Կառավարության 797Ն որոշման համաձայն՝ իրեն վտարել են բնակարանից: Իսկ այս որոշման համաձայն՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու մասին է: Ոստիկանները պետք է ներխուժումը կանխեին, բայց հետաքրքիրն այն է, որ նման բան չի եղել, որովհետև Ռուզաննա Պողոսյանն այդ բնակարանում բնակվել է 2006 թ.-ից:

Բայց ոստիկանության աշխատակիցներից մի քանիսն  ուժ են կիրառել, մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում և՝ դեմքին, կան մարմնական վնասվածքներ՝ քերծվածքների, սալջարդի տեսքով: Կա ատամի տեղաշարժ, դեմքի այտուց: Ռուզաննան միայնակ է ապրում, խնամքի ներքո են գտնվում երեք անչափահաս երեխաներ, սոցիալապես անապահով է: Երեխաներից մեկն ունի առողջական խնդիրներ: Այդ ընթացքում նաև երեխան վատացել է, շտապօգնություն են կանչել:

Մինչ ոստիկանների բնակարան այցելելը, դեռևս դեկտեմբերի 24-ին Ռուզաննան դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որպեսզի ժամանակ տրամադրեին, որ կարողանար անչափահաս երեխաների հետ տարածքից դուրս գալ: Նա մատնանշել էր նաև, որ դեռևս դատական գործընթաց է ընթանում, սակայն դիմումը մնում է անհետևանք, և դեկտեմբերի 25-ին, երբ երեխան դուռը բացել է, որ գնա հաց գնելու,  ոստիկանները ներխուժել են բնակարան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  փաստաբան Սարգիս Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ գործողությունն իրականացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի  աշխատակիցները:

«Ակտիվ դերակատարում են ունեցել ոստիկանության մայոր Միհրան Սիրեկանյանը, տեսուչ Մանվելը, որի ազգանունն այս պահին չեմ հիշում,- նշեց  փաստաբանը՝ հավելելով,- Ռուզաննայի նախկին ամուսնու պատճառով բնակարանը բանկում է հայտնվել, հետո օտարվել է իրավաբանական անձի՝ «Վեկտոր ինվեսթմենթ» ՍՊԸ-ին՝ «ԱյԴԻ բանկի» կողմից:

Օտարման գործընթացի ժամանակ ներկա է գտնվել ՍՊԸ-ի ներկայացուցիչը, ով իրեն ոչ հարիր կերպով է պահել, մասնակցել է այդ քաշքշուկներին: «Վեկտոր ինվեսթմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն օգտվել է առիթից, որ դատարանն արգելանք չի դրել ոստիկանության գործողությունների վրա՝ ներխուժումը կանխելու մասով: Ռուզաննան տուժել է նախկին ամուսնու սխալ քայլերից, փորձել դատական կարգով իր իրավունքները պաշտպանել:

Հույս ունենք, որ պատասխան կտան մարդիկ, ովքեր խախտել են կառավարության որոշումն ու ներքին կանոնակարգը: Հավատում ենք, որ օբյեկտիվ քննություն կանցկացվի:  Օրենքով սահմանված կարգով հաղորդում ենք տվել, որից հետո  անմիջապես պետք է դատաբժշկի ուղեգիր տրվեր անձին, որ կարողանար ներկայանալ համապատասխան հիմնարկություն՝ փորձաքննություն անցնելու, սակայն,  ըստ իրենց հայտարարության՝ փորձագետի որոշումը կա, իսկ մենք չգիտենք, թե ո՞ւր գնանք, ո՞վ է փորձագետը: Մինչ այս պահը որևէ փորձագետ ու դատաբժիշկ  հիվանդանոց չի եկել:

Կարծում ենք՝ գործը ձգձվում է, քանի որ քերծվածքները, կապտուկները մի քանի օրից կարող են վերանալ… ամեն դեպքում այդ ամենը փորձել ենք նկարել»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս