Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ից փախստակների վերաբերյալ տեղեկատվության արտահոսի մասին
Անհայտ անձինք Հարավային Կորեայի Hana կենտրոնի համակարգիչներից մեկը «կոտրանքի» ենթարկելուց հետո ստացել են Հյուսիսային Կորեայից 997 փախստակների անձնական տվյալների զետեղարան մուտք գործելու հնարավորություն։
«Ենթադրելով Հյուսիսային Քենսանի նահանգի Hana կենտրոնում անհատական համակարգիչներից մեկը «կոտրանքի» ենթարկելու հնարավորությունը, մենք տեղական իշխանության եւ կենտրոնի հետ համատեղ դեկտեմբերի 19-ին հետախուզում կատարեցինք տեղում եւ հաստատեցինք, որ համակարգիչը վարակվել է վնասաբեր կոդով»,- ասված է Հարավային Կորեայի միավորման գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել են գերատեսչությունում, «կոտրանքի» ենթարկված համակարգչում եղել է ֆայլ ԿԺԴՀ-ից փախստակների անձնական տեղեկատվությամբ, որը մատչելի է դարձել ցանցահեններին: Hana-ի կենտրոններն զբաղվում են Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստակների բնակեցմամբ: Ամբողջ երկրում կան 25 նման կենտրոններ, որոնք օգնություն են ցույց տալիս ԿԺԴՀ-ի շուրջ 30 հազար քաղաքացիների, հաղորդել է «Ինտերֆաքսը»: