Մայրաքաղաքի բուժհիմնարկները տոնական օրերին կաշխատեն հերթապահությամբ
«Արդեն երկար տարիներ մենք ասում և զգուշացնում ենք քաղաքացիներին, որ, եթե շտապօգնության մեքենայով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, ապա դա չի ազդում հիվանդանոցային բուժման վճարման վրա։ Այսինքն՝ կան որոշ հիվանդություններ, որոնց բուժման դիմաց հիվանդանոցում պետք է վճարել, որոշների դեպքում էլ կիրառվում է համավճար, միայն մի քանի հիվանդությունների դեպքում է, որ հիվանդանոցային բուժման դեպքում վճարումն իրականացնում է պետությունը։ Այսինքն՝ մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում պառկելը, ինֆարկտների, ինսուլտների դեպքում բուժումն անվճար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չախիֆալակյանն էլ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ՝ քաղաքապետարանը սահմանել է հերթապահության օրեր։
«Հերթապահություն կիրականացնեն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուհիմնարկներում և պոլիկլինիկաներում։ Հերթապահություն կիրականացվի առավոտյան 11։00-ից մինչև 15։00-ն պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որպեսզի փոքր խնդիր ունենալու դեպքում անմիջապես դիմեն տարածքային պոլիկլինիկաներ, առավել ուշադիր լինեն հղիների, երեխաների, մեծահասակների և քրոնիկ հիվանդների հանդեպ»,- ասաց Անահիտ Չախիֆալակյանը։
Զվարթ Խաչատրյան