Բաժիններ՝

Թուրքական իշխանությունները շարունակում են ԶԼՄ-ների նկատմամբ հետևողական ճնշումները

Թուրքական իշխանությունների ճնշումների թիրախում այս անգամ հայտնվել են ընդդիմադիր հեռուստաալիքներ Halk TV-ն և Fox TV-ն: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

Տեղեկության համաձայն՝ հեռուստաալիքների նկատմամբ պատիժ սահմանելու պատճառն եղել է այն, որ դրանց կողմից հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչել են «հակաիշխանական» արտահայտություններ:

Halk TV-ի եթերում թուրք գրող Մյուջդաթ Գեզենը խոսել և քննադատել է Թուրքիայի նախագահին, և նրան կոչ արել, որ ճանաչի իր չափը:

«Տե՛ս Էրդողան, մի փորձի՛ր իմ և մեր հայրենասիրությունը, չափդ ճանաչի՛ր»,-ասել էր թուրք գրողը:

Fox TV հեռուստաալիքի սկանդալային հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալն էլ եթերում թանկացումների դեմ բողոքի ակցիա անցկացնելու կոչ է արել:

«Որպես խաղաղասիրական ակցիա, եկեք բողոքենք թանկացումների, օրինակ՝ բնական գազի թանկացումների դեմ: Եկե՛ք անենք դա: Կկարողանա՞նք, արդյոք, դա անել»,-եթերում ասել էր հաղորդավարը:

Այս ամենի արդյունքում Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հատուկ զեկույց է կազմել և պատիժ սահմանել այս երկու հեռուստաալիքների համար:

Սահմանված պատժի համաձայն՝ երեքական անգամ եթեր չեն հեռարձակվի հեռուստաալիքների այն հաղորդումները, որոնց ժամանակ հնչեցվել են վերոնշյալ մտքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս