Գահավիժո՞ւմ, թե՞ նպատակին հասնելու առաջին քայլեր
2018 թ. հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ խիստ քննադատել էր տնտեսական զարգացումները: Նա ստեղծված իրադրությունը գնահատել էր «վատ» և կանխատեսել էր, որ 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու։
Այս կապակցությամբ 168.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին։
– Պարոն Ավանեսյան, 2018թ. հունվար-նոյեմբերի 5.7% տնտեսական աճը մասնագետները որակում են «տնտեսական աճի տեմպի գահավիժում»՝ հաշվի առնելով, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին՝ 9.7%։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ներկա մակարդակը գնահատելու համար աճի տեմպերը միմյանց հակադրելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ պետք է նկատի ունենալ, որ 2018 թվականի հունվար-նոյեմբերի 5.7 %-ն արձանագրվել է արդեն իսկ 8.7 %-ով աճած (2017 թվականի հունվար-նոյեմբերի աճը) տնտեսության պարագայում, այսինքն՝ բարձր բազայի վրա:
Ավելին, 2017 թվականի նշված ցուցանիշը, իր հերթին, նման բարձր մակարդակ արձանագրել էր նախորդ՝ 2016 թվականի հունվար-նոյեմբերի բավականին ցածր բազայի նկատմամբ (0.8%): Մյուս կողմից, տնտեսական աճի մասին խոսելիս օգտագործվում է ՀՆԱ աճի ցուցանիշը, որի պարագայում թե՛ 2017 թվականի, թե՛ 2018 թվականի 9 ամիսների կուտակային աճը կազմել է 6 %:
– Տնտեսության կառուցվածքն ի՞նչ փոփոխություն է կրել, արդյոք վատացե՞լ է, ինչո՞վ է պայմանավորված ծառայությունների ոլորտի աճը՝ 18.4%, հատկապես՝ խաղերի, լոտոների, կազինոների և այլնի տեսակարար կշռի։
– Տնտեսության հիմնական ոլորտների կտրվածքով 2018 թվականի 9 ամիսների դրությամբ ՀՆԱ կառուցվածքում էական փոփոխություններ առանձնապես չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտի աճին, ապա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արձանագրված (պաշտոնական վիճակագրությունը ծառայությունների բացվածքի առումով նոյեմբերի համար դեռ հրապարակված չէ) 18.5% աճը հիմնականում ձևավորվել է 6.8 տոկոսային կետով՝ «մշակույթ, զվարճություններ և հանգիստ», 3.7 տոկոսային կետով՝ «ֆինանսական և ապահովագրական գործունեություն», 2.4 տոկոսային կետով՝ «կացություն և հանրային սնունդ» ծառայությունների հաշվին: Այդուհանդերձ, ճիշտ մոտեցումը կառուցվածքը տարեկան կտրվածքով դիտարկելն է:
Իսկ հիմնական ուղերձը, որ պետք է նկատի ունենալ տնտեսության կառուցվածքի առնչությամբ, այն է, որ կառուցվածքային տեղաշարժերը երկարատև գործընթացներ են, և, եթե դրանք արդյունք չեն արտաքին/ներքին լուրջ շոկերի (օրինակ՝ գլոբալ կամ տարածաշրջանային ճգնաժամեր), այլ արդյունք են կառուցվածքային բարեփոխումների, ապա սպասումներ պետք է ձևավորել առնվազն միջնաժամկետ հեռանկարի կտրվածքով:
– Տեսակետ կա, որ վիճակը վատ է և 2019-ի առաջիկա ամիսներին է՛լ ավելի է վատանալու՝ ներդրումների բացակայության պատճառով։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։
– 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 59.8 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.8 մլրդ ՀՀ դրամով։
Սակայն սա չէ ամենաէականը։ Երկրում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, և այդ ծրագրերի փոքր հատվածը, որն ունի պետական աջակցության կարիք, ներկայացվում և քննարկվում է կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստի ընթացքում, օրինակ` տեքստիլ ոլորտի խոշոր ծրագրերը, կոմպոզիտային բալոնների արտադրության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման և այլ ծրագրեր:
Այս տարվա 11 ամիսների ընթացքում միայն վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կկատարվեն շուրջ 270 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և կստեղծվեն շուրջ 2300 նոր աշխատատեղեր։
Մինչև տարվա վերջ կհաստատվեն ևս մի քանի ծրագրեր։
Հարկ է նշել նաև, որ ներկայումս ՀՀ կառավարությունում քննարկվում են մշակման տարբեր փուլերում գտնվող մի շարք այլ ներդրումային ծրագրեր ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում: Քննարկվող ծրագրերի ծավալները շատ ավելի մեծ են, քան վերոնշյալ արդեն իսկ իրականացվող ծրագրերինը: Այդ ծրագրերից են, օրինակ, շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում լուսաէլեկտրական վահանակներ արտադրող գործարանի կառուցման և շահագործման, ինչպես նաև տվյալների մշակման համար տվյալների պահոցի (Data Centre) կենտրոնի ստեղծման և շահագործման ծրագրերը, շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ թեթև արդյունաբերության ոլորտի ծրագրերը (կոշիկի, հագուստի, կտորի, մանրաթելերի արտադրություն), և այլն:
Հարկ է նշել, որ քննարկվող ծրագրերից շատերն էական նպաստ կունենան բարձր արտադրողական և տեխնոլոգիատար և նորարար տնտեսության զարգացման գործում՝ նպաստելով ժամակակակից տեխնոլոգիաներով զինված արդյունաբերական հատվածի գերակշիռ մասնակցության ապահովմանը:
Նմանօրինակ ծրագրերից է գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արևային ֆոտովոլտային մարտկոցների և բջիջների արտադրության (100 մլն ԱՄՆ դոլար) կամ Հայաստանում հեռուստացույցի ու այլ կենցաղային տեխնիկայի արտադրության կազմակերպումը, որը կարելի է դիտարկել՝ որպես այս նպատակին հասնելու առաջին քայլերից մեկը: