«Ադրբեջանը Փաշինյանի առաջ քաշած կոնցեպտին՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, հակադրելու է ԼՂ ադրբեջանական համայնքին». Կարեն Վրթանեսյան
Օրերս Ադրբեջանի ղեկավարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարին՝ Բայրամ Սաֆարովին փոխարինել է Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիևը։
Ռազմական փարձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս փոփոխության բուն նպատակին, նախ նկատեց, որ այն, ինչ Ադրբեջանում անվանում են ԼՂ ադրբեջանական համայնք՝ հորինվածք է, քանի որ այն Ադրբեջանի կողմից ստեղծված ինչ-որ հ/կ-ի նմանությամբ մի բան է, որով փորձում են Արցախի հետ ուղիղ բանակցություններից խուսափել։
«Երբ խոսք է լինում Արցախի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, Ադրբեջանը միանգամից ասպարեզ է բերում իրենց, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը՝ նման համայնք չկա։ Ավելին, նրանք իբրև թե Լեռնային Ղարաբաղում ունեն ինչ-որ ՏԻՄ-եր, դպրոցներ, հիվանդանոցներ, այնտեղ մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, օրինակ՝ Ադրբեջանում գոյություն ունի Շուշիի գլխավոր բժիշկ, որը պետությունից աշխատավարձ է ստանում։ Այսինքն՝ այս ամենը պետական ինչ-որ նախագիծ է, որն ուղղակի հայկական կողմին հակադրելու համար է։
Ընդ որում, հայկական կողմն այդ համայնք կոչվածին չի ճանաչում։ Երբեմն միջազգային ծրագրերով լինում են հայ-ադրբեջանական հ/կ-ների մակարդակով հանդիպումներ, որի ժամանակ ադրբեջանական կողմից ինչ-որ մեկը հայտնում է, որ նա ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ էր. սա քարոզոչական հնարք է»,- ասաց ռազմական փորձագետը։
Նրա խոսքով՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի պաշտոնում դիվանագետի նշանակումն ամենայն հավանականությամբ խոսում է այն մասին, որ Փաշինյանի առաջ քաշած կոնցեպտը, այն է՝ Արցախի՝ բանակցայությունների կողմ դառնալը, ադրբեջանցիները հակադրելու են ԼՂ ադրբեջանական համայնքին։
«Եթե Արցախը բանակցի ինչ-որ համայնքի հետ, ապա միանգամից բանակցային գործընթացի մակարդակն ընկնում է, այսինքն՝ նրանք ասում են՝ կա Հայաստան-Ադրբեջան բանակցություններ, իսկ Արցախը ներկայացված է ինչ-որ հայկական համայնքով։
Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախին՝ որպես հարցի կարգավորման ինքնուրույն սուբյեկտի, հանի բանակցություններից»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածի պահպանությունը սահմանապահ զորքերի հսկողությանը հանձնելուն, Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը գրեթե նույնն է, ինչ բանակը, պարզապես ավելի քիչ է զինված։
«Ադրբեջանում սահմանապահ զորքերը բավականին լուրջ գործոն են, 15 հազարանոց բանակ է, փաստորեն Ադրբեջանի երկրորդ բանակն է։ Սահմանապահ զորքերն ունեն թեթև զրահատեխնիկա, անօդաչուներ, ռազմական ուղղաթիռներ։ Պետք չէ մտածել, որ սահմանապահ զորքերն ինչ-որ քաղաքացիական զորքեր են։ Իրականում այս զորքի հաշվին Ադրբեջանն ազատում է ուժեր, ստանում լրացուցիչ ռեզերվներ, որը կարող է ուղղել այլ տեղ։ Հարց է առաջանում, նրանք ի՞նչ նպատակով են այդ զորքին ազատում»,- եզրափակեց Կ. Վրթանեսյանը։
Զվարթ Խաչատրյան