«Մակունցի նշանակումը նախարարի պաշտոնում, նշանակում էր՝ նոր իշխանությունները լուրջ չեն վերաբերվում մշակույթին». Գրականագետ
«Միշտ խոսել եմ Մշակույթի նախարարության կարգավիճակի ամրապնդման շուրջ։ Նույնիսկ միտք եմ հնչեցրել, որ Մշակույթի նախարարությանը պետք է տրվի ուժային կառույցի կարգավիճակ։ Եվ տարիներ շարունակ մեջբերում եմ Հրանտ Մաթևոսյանի այն հայտնի խոսքը, որ երկրները նվաճվում են մշակույթով՝ բանակները հետո են գալիս»,- լրագրողների հետ զրույցում նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարությունը կրճատելու և այլ նախարարության միացնելու գաղափարին։
Արքմենիկ Նիկողոսյանը երկար տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել, թե որն է Մշակույթի նախարարության գործառույթը, և տարբեր կառավարությունների օրոք այն տպավորությունն է ստացել, որ Մշակույթի նախարարությունը պահում են զուտ նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը դառնա նախարար։
«Հեղափոխության ժամանակ ամենամեծ սպասումներից մեկը եղել է այն, որ այն աստիճանաբար կվերածվի մշակութային հեղափոխության, քանի որ հեղափոխության բերած փոփոխությունները կարող են ամրագրվել, եթե երկրում կա մշակութային գիտակցության բարձրացում։ Եթե այսօր դրված է Մշակույթի նախարարության վերացման, այլ ոչ թե կարգավիճակի փոփոխության խնդիր, սա նշանակում է, որ ապրիլյան հեղափոխությունն ինչ-որ մի կետում պարտվեց, և դրա հետևանքները մոտ ապագայում զգացնել կտան, որոնք կլինեն շատ ցավալի»,- նշեց գրականագետը։
Նրա համոզմամբ՝ հեղափոխության առաջին օրերին հայ հասարակությունը նպաստեց, որպեսզի մշակույթի նկատմամբ լինի երկրորդական վերաբերմունք։ Քանի որ «ամենաբարդակ» քննարկումները վերաբերում էին Մշակույթի նախարարությանը և նախարարին։ Քննարկումներից գրականագետը տպավորություն է ստացել, որ մարդկանց համար այդ նախարարությունն ամենահեշտ ոլորտներից է, և յուրաքանչյուրը կարող է ստանձնել նախարարի պաշտոնը։
«Ամենայն հարգանքով Լիլիթ Մակունցի հանդեպ, կարծում եմ՝ որ նրա նշանակումն այդ պաշտոնին նման վերաբերմունքի ամրագրումն էր։ Նրա նշանակումը միանգամից մեզ հասկացնել տվեց, որ հեղափոխության արդյունքում նոր իշխանությունը լուրջ վերաբերմունք չունի մշակույթի հանդեպ, կամ ունի, բայց չի պատկերացնում, թե ինչ է նշանակում՝ մշակութային քաղաքականություն»,- ընդգծեց Արքմենիկ Նիկողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ վերջին յոթ ամիսների ընթացքում մշակույթի ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով, ցանկալի է, որ նման նախարարություն չլինի։ Քանի որ վերջին յոթ ամիսների ընթացքում ըստ էության նախարարությունը դարձել էր մի հիմնարկ, որտեղ կատարվում էին ինչ-որ չինովնիկական աշխատանքներ։
«Այս օպտիմալացման հարցում ցանկանում եմ մեկ լավ բան տեսնել, որ այն կօգնի մեր հասարակությանը ավելի լավ աշխատել, և Մշակույթի նախարարության անհրաժեշտությունը կլինի մշակութային դաշտի պահանջ։ Իմ գնահատմամբ՝ կայուն է այն իշխանությունը, որն ունի հոգատար վերաբերմունք մշակույթի հանդեպ։
Համոզված եմ, որ նախորդ իշխանությունների ձախողման կարևոր պատճառներից մեկն այն հակամշակութային քաղաքականությունն էր, որն իրականացնում էին։ Չեմ ցանկանում, որ նույն ճակատագրին արժանանա նոր իշխանությունը, նրանք իրենց վերաբերմունքը պետք է փոխեն մշակույթի հանդեպ»,- եզրափակեց Ա. Նիկողոսյանը։
Զվարթ Խաչատրյան