
«Իմ քայլը» դաշինքի հանդիպմանը գործադիր մարմնին վերաբերող հարցեր չեն քննարկվել. Տիգրան Ավինյան

«Իմ քայլ»-ը դաշինքն իր դեկտեմբերի 19-ի հանդիպմանը քննարկել է դաշինքի խորհրդարանական խմբակցությանը վերաբերող հարցեր: «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գործադիր մարմնին վերաբերող հարցեր այսօր չեն քննարկվել:
«Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլ»-ը դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը:
Նա չցանկացավ հայտնել, թե որ պաշտոնում է իրեն տեսնում: «Շատ շուտով այդ ամենի մասին կխոսենք»,- նկատեց նա:
Ավինյանն անդրադարձավ հայտնի տեսանյութին, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, ով նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
«Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվությանը տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, հետևաբար, այն ժամանակվա մեկնաբանությունները և այն ժամանակվա մեր տիրապետած տեղեկատվությունը այն է, ինչ որ շրջանառվում էր մամուլում: Ես, անկեղծ ասած, հետագա որևէ մանրամասնից տեղյակ չեմ, բայց վարչապետը հետագա որոշակի տվյալներ ունի այդ դեպքերի հետ կապված»,- նշեց Ավինյանը: