«Վթարային վերելակներ Երևան քաղաքում այլևս չեն լինելու». Լևոն Հովհաննիսյան

«Այս բյուջեով իրական ծախսերը չեն նվազել, նվազել են միայն այն ծախսերը, որոնք մսխվում էին, և այն ծախսերը, որոնք թույլ էին տալիս, որ այդքան ցածր վարձատրվող մարդիկ աշխատեին ու չդժգոհեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է վերելակներին, ապա նա նշեց, որ իրենց հնգամյա ծրագրում գրված է՝ բոլոր վերելակները փոխարինվելու են. «Խոսքը 90 տոկոսի մասին է։ Մենք ընդհանուր լուծում ենք տալիս, որպեսզի այդ գումարները, որոնք մենք հիմա ծախսենք, հաջորդ տարի դա չդառնա անիմաստ ծախս։ Վերելակների մասով շատ մեծ ծրագիր կա, քաղաքապետարանը զբաղվում է ծրագրի ֆինանսավորման վերջնական աղբյուրի ձևավորումով, և տարբերակ կա, որ հնարավոր է՝ պարտատոմսեր թողարկվեն, և դրանցից ստացված գումարներն ուղղենք վերելակների փոխմանը։ Վթարային վերելակներ Երևան քաղաքում այլևս չեն լինելու։ Բյուջեում նշված գումարը պահպանման համար է, նվազեցվել է այն չափով, որն ավելորդ էր»։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ, երբ խոսվում է փոշիացված գումարների կրճատման մասին, ապա պատասխան չի գտնում՝ ինչո՞ւ պետք է փոշիացված գումարները կրճատել, եթե, ըստ նրա՝ կարելի է նույն այդ գումարները թողնել տրանսպորտի, վերելակների, կանաչապատման ոլորտի համար և ծախսերն ավելացնել.

«Այն, ինչ լսում ենք, ցանկություններ են, իսկ մենք այսօր խոսում ենք փաստերի մասին։ Այն դրույթները, որոնց մասին խոսում էինք նախընտրական փուլում, պարտավոր ենք մինչև վերջ կատարել»։

Տեսանյութեր

Լրահոս