Պատրաստ են արդյո՞ք պատասխանատվություն կրել մարդկանց կյանքի և առողջության համար. Սեյրան Միքայելյանը՝ նոր ծառայության մասին

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ապրիլի 26-ի որոշմամբ Արցախում ներդրվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություն:

Սակայն վերջին շրջանում հասարակության մեջ առաջացել է դժգոհության ալիք՝ կապված ծառայության համար վճարվող գումարի չափի հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախգազ» ՓԲԸ գործադիր-տնօրեն Սեյրան Միքայելյանն ասել է, որ նպատակը, գազահամակարգում անվտանգության երաշխիքներից ելնելով, հնարավորինս նվազագույնի հասցնել բնակիչների շրջանում բնական և շմոլ գազից թունավորման դեպքերը և գազի հետևանքով այլ բնույթի դժբախտ պատահարները:

«Բնական գազի բաշխման հայեցակարգը, որն ամրագրված է համապատասխան լիցենզիայում, չի նախատեսում բաժանորդների ներտնային գազի տնտեսության սպասարկում և չի սահմանում որևէ պատասխանատվություն բաժանորդի մոտ գազի սպառման ընթացքում հնարավոր դժբախտ պատահարների և, ընդհանրապես, գազի օգտագործման կանոնների խախտման համար: Եթե հաշվի առնենք, որ բաժանորդների գերակշռող մասի մոտ գազի սարքավորումները օժտված չեն անվտանգության պարզագույն ավտոմատիկայով, որը լրիվ կամ մասնակի կանխում է որոշ վթարային վիճակների առաջացումը, ապա կարող ենք բնական գազի բաժանորդների ներտնային գազի տնտեսությունները համարել որպես բարձր ռիսկային: Անվտանգության արդի համակարգերի (բնական գազի և շմոլ գազի ազդանշանային սարքի ու վթարային անջատիչ փականի համալիրներ) մասսայական տեղադրումը զգալիորեն նվազեցնում է ռիսկերը, սակայն ոչ մի դեպքում չի բացառում բաժանորդի գազի սարքավորումների գազային ցանցի, ծխաօդատար ուղիների վիճակի պարբերաբար ստուգման, թերությունների հայտնաբերման և վերացման, բաժանորդին հրահանգավորման անհրաժեշտությունը: Մասնագիտական սպասարկումը միշտ էլ արդիական է լինելու՝ անկախ տեխնոլոգիական լուծումներից»,- նշել է Ս. Միքայելյանը:

Արցախում բնական գազի սպառման հետ կապված դժբախտ պատահարների վիճակագրությունը հատկապես վերջին 4 տարիների կտրվածքով խիստ մտահոգիչ է: Մասնավորապես՝ 2015 թվականին գրանցված 25 թունավորման դեպքերի արդյունքում մահացել է 2, 2016 թվականի 66 թունավորման դեպքերի արդյունքում՝ 1, 2017 թվականի 65 թունավորման արդյունքում՝ 4, 2018 թվականի 44 թունավորման արդյունքում 4 մահացության դեպք:

Նշենք նաև, որ այդ ծառայությունը ՀՀ-ում գործում է 2007 թվականից, երբ գազ բաշխող ընկերության լիցենզիայում ամրագրվեցին ներտնային գազի տնտեսության սպասարկման գործառույթները, բաշխողի պարտավորությունները և պատասխանատվությունը:

«ՀՀ փորձի կիրառումը Արցախում, հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, ունակ է շեշտակի բարձրացնել բաժանորդների ներտնային գազի տնտեսության սպասարկման ծառայության անվտանգության աստիճանը: ՀՀ և այլ երկրների փորձի ուսումնասիրության հիման վրա մշակվել է ներտնային գազի տնտեսության սպասարկման էությունը կազմող գործառույթների ցանկը, ինչպես նաև հաշվարկվել է յուրաքանչյուր գործառույթի իրականացման վրա ծախսվող ժամանակը:

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որը տարեկան մեկ այցը բաժանորդների կեսի մոտ կարող է իրականացվել միայն տարվա տաք ամիսներին, երբ ջեռուցման սարքավորումները անջատված են գազի ցանցից և ծխատար ուղիների սպասարկումը չի կարող համարվել լիարժեք, առաջարկվում է տարվա կտրվածքով ապահովել առնվազն երկու այցելություն բաժանորդի մոտ: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշմամբ ծառայության մատուցման համար սահմանվել են վճարներ, որոնք գործում են նաև ՀՀ տարածքում՝ մեկ գազօգտագործող սարքի դեպքում՝ 2270 դրամ, երկու գազօգտագործող սարքի դեպքում՝ 4540 դրամ, երեք և ավելի գազօգտագործող սարքի դեպքում՝ 6810 դրամ»,- նշել է Ս. Միքայելյանը:

Ներտնային ցանցերի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման համար Ընկերությունից պահանջվում է տարեկան 130 մլն դրամ գումար: Սակայն միայն ազդանշային համակարգերի գնման համար անհրաժեշտ է կատարել 827 մլն դրամի ներդրում առաջիկա 5 տարիների ընթացքում: Ս. Միքայելյանի խոսքով՝ ընկերությունը լինելով հանրապետության 5 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ իր վրա զգում է տնտեսության մեջ կատարած կարևոր ներդրումը և հավատարիմ իր առաքելությանն անխափան ու անվտանգ գազամատակարարում ապահովելու համար:

«Կարծում եմ՝ Արցախի նորաստեղծ քաղաքական ուժերը քարոզչական տեղեկատվություն տարածելիս չպետք է շահարկեն այս թեման, քանի որ դա օբյեկտիվ մոտեցում չէ երևույթի հանդեպ: Պատրաստ են արդյո՞ք նրանք պատասխանատվություն կրել մարդկանց կյանքի և առողջության համար, համոզված եմ, որ նման հայտարարություններով հաստատ ոչ: Ի դեպ թեման շահարկվում է հիմնականում վճարունակ բաժանորդների կողմից: Պետք է նշեմ, որ արդեն տեղադրվել են առաջին սարքերը, և մեր այն քաղաքացիները, ովքեր տեղեկանում են ծառայության կարևորության մասին, տեղադրելիս որևէ խնդիրներ չեն առաջացնում:

Բաժանորդների 2/3-րդն արդեն իսկ վերակնքել են նոր պայմանագրերը՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով օգտվել ծառայությունից: «Արցախգազ» ՓԲԸ-ի հետ վերակնքվող նոր պայմանագրերի հետ կապված աղմուկը արհեստական է, քանի որ խեղաթյուրված տեղեկատվություն է տրամադրվում բաժանորդներին: Եթե ոչ «Արցախգազ» ընկերությունը, ապա ո՞վ կարող է ստանձնել ոլորտում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցումը և ստանձնել պատասխանատվություն:»,- ասել է Ս. Միքայելյանը:

Հավելեք, որ բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքնման գործընթացը ընթացքի մեջ է: Բացատրական աշխատանքների իրականացման նպատակով «Արցախգազ» ՓԲԸ-ն միջնորդել է ԱՀ ՀԾՏՄԿՊՀ՝ պայմագրերի վերակնքման վերջնաժամկետը մինչև 2019թ.-ի մայիս երկարաձգելու համար:

Տեսանյութեր

Լրահոս