Բաժիններ՝

«Նախարարներ կան, որ գյուղատնտեսությունն ու սննդարդյունաբերությունն իրարից չեն տարբերում». Հրաչ Բերբեյանը

«ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի ունեցել ենք 7 հազար հեկտար ցանքատարածությունների անկում, այսինքն՝ այդքան հող չի մշակվել, խոսքը 300-450 հազար տոննա պտուղ-բանջարեղենի պակաս արտադրության մասին է։ Այս ամենի բացատրությունը Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող տալ, չնայած գիտենք, որ պատճառը հիմնականում մորմազգու ցեցն էր։ Չնայած ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խիստ հանձնարարություն տվեց պայքարել դրա դեմ, այդուհանդերձ, Գյուղնախարարությունը ոչինչ չարեց, քանի որ մասնագետներ չուներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով գյուղտնտեսական տարին՝ նշեց «Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ մորմազգիների ցեցը ոչնչացնելու համար ունեն հստակ ծրագիր, եթե կառավարությունն ունի իրենց օգնության կարիքը, ապա երկու ձեռքով կօգնեն, որպեսզի հաջորդ տարի այս հարցը լուծեն։ Նա վստահ է, որ մորմազգիների ցեցի հարցը լուծելուց հետո, հաջորդ տարի ցանքատարածությունների ավելացում կլինի, քանի որ գյուղացին վստահ կլինի, որ իր բերքին վնաս չի սպառնա։

Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա, ըստ Հրաչ Բերբերյանի, ոլորտի վիճակը շատ ծանր է՝ անասնագլխաքանակի անկումը շարունակվում է։

«Այստեղ ևս, որևէ միջոցառում չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն անասնագլխաքանակի անկման գործընթացը, չլուծեցին ձմեռային անասնակերի հարցը, որի հետ կապված ունենք կազմակերպչական թերություն»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում դեռ լուծված չէ պարարտանյութի խնդիրը, ինչը լուծելու համար բանակցություններ են վարում Իրանի և Վրաստանի իրենց գործընկերների հետ՝ 40 հազար տոննա պարարտանյութ ներկրելու համար։

«Ինչո՞ւ հասարակական կազամակերպությունը պետք է այս հարցով զբաղվի, ու չինովնիկների մի խումբ՝ չգիտենք, թե ինչով է զբաղված։ Մենք կանենք, սա չէ հարցը, այս վիճակից դուրս գալու ուղղությունը ո՞րն է։ Ժամանակն է մտածել ստրատեգիական ծրագիր ունենալու մասին, թե գյուղատնտեսությունը Հայաստանում ինչ տեղ ունի, ինչ դիրք կարող է գրավել։ Մենք նույնիսկ մեծածախ շուկա չունենք, որտեղ կարող էր կուտակվել գյուղատնտեսական բերքը և արտահանվել։ Ժամանակն է եկել, որպեսզի ստեղծենք մի հարթակ, որտեղ Իրանից, ինչո՞ւ չէ Թուրքիայից, գյուղմթերքը կարող է գալ Հայաստան փաթեթավորվել և արտահանվել ՌԴ»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ միջազգային շուկայում 25 տոկոսով ավելացել է կարտոֆիլի սերմացուի գինը, իսկ Հայաստանում այնքան կարտոֆիլ է սպառվում, որքան հաց, ուստի կարտոֆիլի մշակումը գյուղատնտեսության երկրորդ ստրատեգիական ուղղությունն է:

«Այսօր մենք փաստի առաջ ենք կանգնել այն առումով, որ մեծ քանակությամբ սերմացու գուցե  չկարողանանք ներկրել, ուստի կարտոֆիլի բերքն այս տարի էլ պակաս կլինի։ Ասում էի, որ կարտոֆիլը կդառնա՝ 3, իսկ գարնանը՝ 4 հարյուր դրամ, ինքներդ գները տեսնում եք։ Ցավոք, մեր դժբախտությունը վատ կադրերն են, որոնք տեղյակ չեն իրենց գործից , պարզապես նրանք պաշտոններ գրավելու համար են։ Մեզ մոտ նախարարաներ կան, որ գյուղատնտեսությունն ու սննդարդյունաբերությունն իրարից չեն տարբերում»,- նշեց Հ. Բերբեյանը։

Խոսելով նախատոնական հնարավոր թանկացումների մասին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ սպառողական շուկայում, հնարավոր է՝ որոշ չափով թանկանա միայն հավկիթը, իսկ մյուս մթերքներն արդեն թանկացել են, հատկապես՝ կաթնամթերքը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս