
«Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին, ես շատ լավատես եմ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն ընտրություններին մասնակցեց 10/33 ընտրատեղամսում։
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Արմեն Աշոտյանը խոսեց ընտրություններից հետո իր պատկերացրած Հայաստանի մասին։
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ցանկանում է տեսնել ուժեղ և խելացի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտանիքի և երեխայի արժանապատիվ կյանքի համար կունենա բոլոր երաշխիքները։
«Ուզում եմ տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ չկա յուրայինների և ախոյանների բաժանում, Հայաստան, որտեղ բաժանարար գծերը բացառապես մարզական հրապարակների ֆուտբոլային բաժանարար գծերն են։ Կցանկանայի ունենալ Հայաստան, որտեղ սահմանն անցնում է հայի ամենաբարձր երևակայության՝ իր հայրենիքի մասին պատկերացումները, որտեղ իմ թոռները կկարողանան հիշել իրենց անցյալը, հայ կմնան, կլինեն քրիստոնյա, ինչն ինձ համար շատ կարևոր է»,- ասաց Ա. Աշոտյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ առավոտյան ահազանգեր է ստացել շտաբներից՝ տեղամասերը ոչ ժամանակին բացելու և տեխնիկական այլ խնդիրների մասին, առայժմ քաղաքական որևէ ահազանգ չի ստացել։
Հարցին, եթե ընտրություններում անցողիկ շեմը ՀՀԿ-ն չհաղթահարի, ապա ի՞նչ է սպասվում կուսակցությանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց.
«Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին։ ՀՀԿ-ի գովազդն այժմ չանեմ ու օրենք չխախտեմ, ես շատ լավատես եմ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Զվարթ Խաչատրյան