Պետականություն, որն ամեն ինչից թանկ է
Հայաստանում կատարվել է ծանրագույն հանցագործություն, որը բացահայտել է մեկ այլ՝ առավել ծանր հանցագործություն։ Եթե հանցագործները չգաղտնալսեին Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի՝ հուլիսի 27-ի երկար-բարակ խոսակցությունը, չէինք իմանա, որ բարձրագույն մակարդակով ձեռնոց է նետվել ՀՀ արդարադատության համակարգին։
Պատվեր՝ Բաղրամյան 26-ից, Նալբանդյան 104-ից և Գրիգոր Արծրունու 13ա–ից
Նշված եռյակի հեռախոսազրույցում, որը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրելուն, քրեական օրենսգրքով նախատեսված արարք կա։
Բերենք միայն փաստեր․
Արթուր Վանեցյան․ «Դատավորը զանգեց ինձ, ասեց՝ մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝ որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա–կասի, պարոն վարչապետ»:
Նիկոլ Փաշինյան․ «Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա»:
Արթուր Վանեցյան․ «Քոչարյանի հետ կապված դատարանում հըլը լսում են, հես ա կտան բանը, Քոչարյանը կլինի»:
Ավելի ուշ դարձյալ զրուցում է Փաշինյան-Վանեցյան զույգը։
Արթուր Վանեցյան․ «Մնացած նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ, հես ա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման, մնացած սաղ հանգիստ ա»։
Հարց․ Ի՞նչ գիտի Արթուր Վանեցյանը, որ կալանքի որոշում է լինելու, այն էլ՝ «հես ա»։ Փաստորեն, ոչ միայն հրահանգվել է որոշում կայացնել, այլև՝ կոնկրետ ժամկետ է նշվել, թե օրվա ո՞ր ժամին պետք է տալ։
Ավելին՝ ըստ գաղտնալսված զրույցի՝ դատավորին տվել են գործը, որպեսզի ուսումնասիրի, տեսնի՝ որտե՞ղ են հիմքերը թույլ, զանգի-ասի, որ ավելի հիմնավոր բան գրեն։
Հատված՝ Վանեցյան-Խաչատրյան զույգի զրույցից․
Արթուր Վանեցյան – Հա, ախպեր ջան։ Ընգեր, ռուսները շատ ծանր են տանում, ընգեր, շատ ոռի, կարող ա նենց պրոբլեմ տանք։ Ես նոր վարչապետին ասեցի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ–ի դիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։
– Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառեն։
– Հը, գրավ թող կիրառեն երևի թե, կամ՝ ստորագրություն խափանման միջոց ընտրեք։
– Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր։ Գիտե՞ս խի, թող մեծ գրավ լինի, որպեսզի բանին չկպնեն, էլի, հիմնավոր կասկածին չկպնեն։
– Հա։
– Բայց դե էդ էլ չեմ իմանում ինչ անեմ, դատավորին ասե՞մ։
– Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում։
Վարչապետին ենթակա ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը որոշում են, թե բոլորովին պատվեր չստացող, անկախ դատավորն ի՞նչ որոշում պետք է կայացնի։
Ի դեպ, այս գաղտնալսումը հիմնավորեց նաև մեր նախկին տեսակետը, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսում Արթուր Վանեցյանը բոլորովին ազնիվ չէ։
Սեպտեմբերի 11-ի ասուլիսում, երբ նոր էր հրապարակվել առաջին մասը, Վանեցյանն անդրադառնալով այն կտորին, որտեղ խոսում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը քննող առաջին ատյանի դատավորին հեռախոսով պատվեր տալու մասին, ասում է․ «Դա անհերքելի փաստ է, բոլորն էլ կարող են տեսնել, որ ես դատավորի հետ անգամ ծանոթ չեմ և երբեք չեմ խոսել»։ Իսկ գաղտնալսման երկրորդ հրապարակման մեջ Վանեցյանը կոնկրետ խոսում է դատավորին զանգելու մասին․ «Դատավորին ինչ պետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում…»։
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Ինչպես արդեն նշեցինք, նրանք որոշում են ոչ միայն դատավորի որոշման բովանդակությունը, այլև ժամանակը։ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ նիստը եղավ կեսգիշերին։ Ինչո՞ւ։ «Ինչու»-ի պատասխանը՝ տալիս են Վանեցյանն ու Խաչատրյանը։ Հատված՝ զրույցից․
Սասուն Խաչատրյան․ Ժամը 3-ին ա նիստը, ընգեր, ժամը 3-ին ա նիստը։
Արթուր Վանեցյան․ Ասա՝ թող հետաձգեն նիստը։
– Էլի՞ հետաձգեն։
– Թող նիստը հետաձգեն, թող վարչապետը մի հատ իրա բանից դուրս գա, նիստից դուրս գա, թող դուրս գա հետը խոսանք, ես խոսացի, բայց դե ամեն դեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք՝ ինչ ենք անում։
– Լավ հա, մի հատ էլ խոսա, որովհետև կարող ա լուրջ վնաս տանք։
– Հես ա ես բանին կասեմ՝ թող բան անեն ապեր, հետաձգեն հըլը Խաչատուրովի, կամ դու ասա, նայի՝ մեկ ա։
– Ուզում ես՝ դու ասա էլի։
– Ես կասեմ հես ա։
Իսկ թե «բանն» ո՞վ էր, որ պիտի «բան աներ», արդեն որևէ բանի կասկած չի թողնում։
Վարչապետը շուռ է տալիս փաստերը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում գաղտնալսմանը․ «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, որ այն, ինչ խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու ԱԺ ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չի պլստալու»:
Ստոպ, մի րոպե։ Ո՞րն է կոռումպացված համակարգը։ Այն, որ նախկին իշխանությունների օրոք դատարաններին «վերևներից» զանգում էին, կային հազար ու մի խոսակցություններ, որոնք ոչ ոք չի հերքում, նույնիսկ՝ նախորդ իշխանություններն իրենք։ Իսկ այն, որ այսօր են զանգում, կան անհերքելի ապացույցներ և այդ ապացույցները հերքել փորձող խոսակցություններ։
Փաշինյանը հրահանգ է տալիս Վանեցյանին, Վանեցյանը՝ Սասուն Խաչատրյանին, նա՝ դատավորին, Վանեցյանը ևս «դաբավըչնի»՝ դատավորին։ Սա կոռուպցիոն համակա՞րգ է, թե՞ ոչ։
Ո՞ւմ եք ծաղրում։
«Սուդյան ծախված ա», կամ՝ ի՞նչ են ասել դատավորին։
Կատարվածից եզրակացություններ.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը բավարարել է զանգի կամ զանգերի արդյունքում։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց գրավը կիրառել է զանգի կամ զանգերի արդյունքում։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ օգոստոսի 13-ին որոշում կայացրեց՝ չենթարկվելով Վարչապետի, ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների ենթադրյալ զանգերին ու ճնշումներին։
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության՝ ենթարկվելով ճնշումների։ Ընդ որում, գործը քննում էին բոլոր դատավորները, այսինքն՝ ենթադրյալ ճնշումներ են եղել բոլոր դատավորների վրա անհատապես։
Դեկտեմբերի 7-ին որոշումն է հրապարակելու Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը։ Հուսանք՝ իշխանություններին հայտնի չէ ու մինչև հրապարակման պահը հայտնի չի դառնա, թե ինչպիսի՞ն է լինելու դատարանի որոշումը։
Սակայն փաստենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հրապարակային ճնշում գործադրեց դատարանների վրա՝ դատավորների վրա մատ թափ տալով և գոչելով․ «Ազգային ժողովը քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում նույնպես, ի վերջո, հեղափոխություն անելու։ Որովհետև, այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները։ Եվ էդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության»։
Իսկ որ դատավորն օրվա իշխանության տեսակետին հակառակ որոշում է կայացնում, ուրեմն համարվում է, որ ոչ թե հարգել է օրենքը, այլ թալանչի է, կոռումպացված։ Իսկ վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետի պատվերը կատարած դատավորը Նոր Հայաստանի հպարտ ՖԵՄԻԴԱ-ն է։
Այստեղ հիշեցնենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրապարակավ հայտարարել էր, որ «ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումն իրականացնել»։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու հենց առաջին օրը չափազանց պատասխանատու հայտարարություն արեց, որը հետո կրկնեց բազմիցս․ խոսքը զանգովի արդարադատության վերացնելու մասին էր։
Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերը ցույց տվեցին, որ զանգովի արդարադատությունը փոխվել է հրապարակում պատվերովի ու վախեցնովի արդարադատությամբ, երբ բոլորի վրա հրապարակային ցուցամատ թափ տրվեց, ընդ որում՝ բազմիցս։ Իսկ սեպտեմբերի 11-ին, ապա՝ դեկտեմբերի 5-ին պարզ դարձավ, որ զանգովի արդարադատությունը ոչ միայն չի վերացել, այլև շատ մանրակրկիտ է կատարվում, զանգում են մի քանի տեղից, զեկուցվում են բազմաթիվ դրվագներ։
«Սա, ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, ՀՀ նկատմամբ: Իհարկե, այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն»,- ասում է վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանի հետ համամիտ ենք։ Սա պատերազմ է Հայաստանի պետականության դեմ, ու Հայաստանի պետականության դեմ պատերազմը մղում են Փաշինյանը, Վանեցյանը, Սասուն Խաչատրյանը։
Պետականությունը Փաշինյանը չէ
Կարծում եմ՝ քրեական գործ հարուցող և վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է գաղտնալսման մեջ լսվող ձայների «սեփականատերերին» ներգրավել՝ որպես մեղադրյալ։ Անհապաղ։ Գլխավոր դատախազն այս նյութերի հիմքով պետք է ոչ միայն գործը շարունակի քննել, այլ անմիջապես դատարանին միջնորդի ձերբակալել նշված բարձաստիճան անձանց, քանի որ նրանք ակնհայտ կարող են խոչընդոտել արդար քննությանը։ Որևէ մեկը կասկած ունի՞, որ կարող են և կանեն։
Այո, արդարադատությունը դաժան բան է, բայց անհրաժեշտ, քանի որ նժարին դրված է մեր պետականությունը։
Իսկ պետականությունը Փաշինյանը չէ, որ խնայենք։
ՄԱՐՏԻՆ ԶԱՔԱՐՅԱՆ