«ԱԷԿ-ում չարաշահումների փաստով ձերբակալվածներ չկան». Գարեգին Բաղրամյան
Ատոմակայանում հայտնաբերված չարաշահումների փաստով ձերբակալվածներ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Ըստ նրա՝ նման ստուգումները լինելու են շարունակական, և ոչ միայն՝ ԱԷԿ-ում, օրինակ՝ բարձրավոլտ ցանցերում ևս որոշ խնդիրներ են հայտնաբերվել, ստուգումներ լինելու են նաև մյուս պետական ընկերություններում։
«ԱԷԿ-ում այս պահին դեռևս ուսումնասիրություններ են գնում, և կոնկրետ վերլուծությունների արդյունքում, թե՝ ինչքան, ոնց, ինչ, կներկայացնեն համապատասխան մարմինները»,- ասաց Գ. Բաղրամյանը։
Դիտարկմանը, որ ԱԷԿ-ում խոշոր գումարների չարաշահում նախկինում ևս եղել է, նա պատասխանեց, որ դա նշանակում է, որ կառավարման և հետևելու խնդիրներ են եղել, և դրանք բոլորը պետք է լուծեն, որ նման խնդիրներ այլևս չլինեն։ Նրա խոսքով՝ այս անգամ չարաշահումը վերաբերում է ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին, խոսքը 33 մլն դրամի մասին է։
Գ. Բաղրամյանը նշեց, որ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներ են կատարվել, որոնց արդյունքում կայանի հզորության 10% ավելացում կլինի, այսինքն՝ 40 Մգվտ, կամ 400-500 մլն կվտժ ավելի արտադրանք կտա։
Հիշեցնենք, որ ԱԱԾ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ են ձևակերպել և ուռճացրել ապրանքների իրական գները։ Արդյունքում՝ շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով անվտանգության պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը: