Ընտրությունների առիթով ասված չլինի
Քարոզարշավի թունդ ընթացքում հրապարակվեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հետազոտությունը: Ընտրապայքար մխրճված կուսակցություններից ոչ մեկը չնկատեց: Այնինչ, հետազոտությունը, կարծես, արված էր ճիշտ այս պահին հրապարակելու համար:
Հետազոտությունը ներկա իշխանությունները կարող էին օգտագործել նախկինների դեմ: Նախկիններն էլ կարող էին այդ հետազոտության մեջ սեփական աշխատանքի դրական հետևանքներ գտնել: Բայց ամենախորհրդանշականն այն էր, որ 2017թ. արձանագրված մեր երկրի սոցիալական վիճակն ու աղքատության նկարագիրը տրվում է 2008թ. տվյալների համեմատ: Այսինքն` այն որոշակի իմաստով նախկին նախագահի գործունեության թվային պատկեր է:
Աղքատության մակարդակը 2017թ. կազմել է 25,7 տոկոս: Այսինքն` երկրի ամեն 10 բնակչից 4-ը (նույնիսկ՝ մի փոքր ավելի) գնահատվում է աղքատ: Պաշտոնական վիճակագրությունը մեր երկրի աղքատ բնակչությանը դասակարգում է երեք խմբերի: Աղքատ են համարվում այն չափահաս անձինք, ովքեր ամսական 41 հազար 612 դրամից պակաս են «տնօրինում»: Նրանց քանակը մեր երկրում 766 հազար է: Այս թվից 316 հազարին սոցիալական ոլորտի իշխանությունն ու մասնագետները համարում են չափավոր աղքատ: Որովհետև այս խումբն ամսական ծախսում է 34 հազար 253 դրամ:
Աղքատ բնակչության մեջ 42 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ` նրանք ամսական 24 հազար 269 դրամից պակաս են ծախսում: Այս թիվը պաշտոնապես անվանվում է աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ: Սպառման այդ գիծը նվազագույնն է: Դրանից պակաս դրամ սննդի վրա ծախսող մարդը, ենթադրվում է, որ պիտի ապրի քաղցի պայմաններում: Աղքատության նկարագիրն ամբողջական դարձնելու համար նշվում է, որ երկրի աղքատ բնակչության մոտ 60 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում:
Ընդ որում, աղքատների 28 տոկոսն ապրում է մայրաքաղաքում: Իսկ մյուս քաղաքային բնակավայրերին «բաժին է ընկնում» աղքատների 32 տոկոսը: Ազգագրագետներն այս ցուցանիշի արդյունք են համարում մեր երկրում տարածված այն կարծիքը, որ կյանքի տանելի պայմաններ կան միայն Երևանում: Բոլոր դեպքերում վիճակագրությունը (հայտնի անեկդոտի հանգույն) ապացուցում է, որ մայրաքաղաքում էլ կյանք չկա:
Հիմա վերադառնանք աղքատության պատկերի մոտեցումների խնդրին: Եթե հետևենք պաշտոնական վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ 2008թ. հետո մշտապես տնտեսական աճ է արձանագրվել: Անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից: (Եթե հիշում եք՝ այդ տարիների վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չտեսնելու տալը հնարավորություն կտա խուսափել դրանից): Տարեկան տնտեսական աճը սովորաբար (ու պաշտոնապես) գերազանցում էր 3 տոկոսի ցուցանիշը: Բացառությամբ՝ անհասկանալի ու առեղծվածային 2016թ.-ից: Այդ տարի աճը, կարծեմ, 0,2 տոկոս արձանագրվեց, ինչի արդյունքում 2017թ. համար հնարավոր եղավ 7,5 տոկոսանոց աճ նկարել:
Ո՞վ և ի՞նչ նպատակով 2017թ. ընտրական տարվա համար վիճակագրական այդ պարզունակ հնարքը կիրառեց՝ հայտնի չէ ցայսօր: Բայց որ այն քաղաքական ու հասարակական բացասական հետևանքներ ունեցավ, ապացուցում են այս տարվա քաղաքական դեպքերը` ընդհանրապես, և վերահաս խորհրդարանական ընտրությունները` մասնավորապես: «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չես քաղցրացնի»,- արևելյան այս ասացվածքը բոլորը գիտեն: Հավանաբար: Բացի մեր վիճակագիրներից:
Եվ այսպես, ըստ ընտանեկան տնտեսությունների այս հետազոտության՝ հնարավորություն ունենք արձանագրել, որ 2008թ. նշված տարեկան 3 տոկոսը գերազանցող աճը հնարավորություն տվեց արձանագրելու, որ 10 տարվա ընթացքում 1,9 տոկոսով կրճատվել է աղքատության ցուցանիշը: Եթե 2008-ին պաշտոնապես աղքատ էր բնակչության 27,9 տոկոսը, ապա 2017-ի տվյալներում նրանց քանակը 25,7 տոկոս է: Շա՞տ է սա, թե՞ քիչ, բավարա՞ր է, թե՞ անբավարար՝ հարցերն ինքնին փիլիսոփայական կարելի էր համարել: Եթե, իհարկե, դրանց չհաջորդեին 2018-ի քաղաքական դեպքերը:
Հիմա կարծես բոլոր քաղաքական ուժերն են հասկանում սոցիալական այս այլանդակ պատկերը շտկելու կարևորությունը: Դրա համար էլ խոստումներ են տալիս:
Ընդգծեմ նաև այս հետազոտության հրապարակած մեկ տարօրինակ, բայց արդեն ավանդական դարձած փաստ: Ի տարբերություն անողոք ու հոռետես վիճակագրության՝ մեր երկրի բնակչությունը տարօրինակորեն լավատես է:
Ընտանեկան տնտեսություններում կատարված հարցումները ցույց են տալիս, որ երկրի միայն 13,1 տոկոսն է իրեն համարում աղքատ: Այսինքն՝ պաշտոնապես աղքատ համարվող երկու բնակչից մեկն իրեն այդպիսին չի համարում: Ասեք, որ տարօրինակ է:
Բայց այս փաստը թեման ուսումնասիրող մասնագետները հրապարակում են իրենց բոլոր հետազոտություններն ամփոփելիս: Բնակչության սուբյեկտիվ գնահատականն այս հարցում էապես տարբերվում է պաշտոնական-մասնագիտական գնահատականներից:
Իրերի ու իրավիճակի նման ընկալումը բնակչության կողմից մեր բոլոր իշխանություններին լայն հնարավորություն է տվել տնտեսական լայնածավալ ռեֆորմներ իրականացնել: Ու դրանցից ոչ մեկն իր սոցիալ-տնտեսական հետևանքներով արժանի չի եղել կրելու այդ բառի հայերեն` բարեփոխում անունը:
Թե ի՞նչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել: Լուրջ տնտեսական բաղադրիչ չունեն ընտրապայքարի ելած քաղաքական ուժերը: Ոչ հիմնական հավակնորդը, ոչ երկրորդ տեղի համար պայքարողները:
Այնպես որ, առայժմ արձանագրենք՝ 2017թ. տվյալների ամփոփմամբ աղքատ է երկրի բնակչության 25,7 տոկոսը: Մնացածն իրականության սուբյեկտիվ ընկալում է: