
Աշխարհում ամեն օր 137 կին է սպանվում. ՄԱԿ

ՄԱԿ-ի` թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի (UNODC) վարչությունը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի աշխարհում ամեն օր 137 կանայք են սպանվում իրենց մերձավորների ու ազգականների ձեռքով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ կանանց սպանության վայրն ամենից հաճախ դառնում է հարազատ տունը, տեղեկացնում է BBC-ին:
2017 թվականին սպանված 87 հազար կանանց ավելի քան կեսը դարձել է իր մերձավորների զոհը: Նրանցից մոտավորապես 30 հազարը զոհվել են զուգընկերոջ՝ ամուսնու կամ կենակցի ձեռքով, եւս 20 հազարն սպանվել են ազգականների կողմից:
Տվյալները, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի վարչության կողմից, վկայում են, որ տղամարդու համար կանխամտածված սպանության արդյունքում զոհվելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ Է, քան կնոջ համար: ՄԱԿ-ը նշում է, որ ամբողջ աշխարհում տասը սպանություններից ութի դեպքում զոհ են դառնում տղամարդիկ: Դրա հետ մեկտեղ նույն այդ հաշվետվության մեջ ասվում է, որ ընտանիքի անդամների կողմից ազգականների դեմ կատարված հանցագործությունների զոհերի 80 տոկոսից ավելին կանայք են:
«Մերձավորների կողմից բռնությունը շարունակում է անհամամասնորեն ծանր ազդել հատկապես կանանց վրա»,- նշվում է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ: Դրանում ընդհանրացվում է սպանությունների վիճակագրությունը 2017 թվականի ընթացքում, որն ստացվել է պետական աղբյուրներից: